Հասարակություն

Գազային բանակցությունների նոր ռաունդը՝ ՌԴ տնտեսական խնդիրների ֆոնին․ կբավարարի՞ արդյոք Ռուսաստանը Հայաստանի պահանջը

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ վերջին օրերին ակտիվացած քննարկումները  հասան նաև հայ-ռուսական բարձրաստիճան շփումների օրակարգ։ Ինչպես հայտնի է,  մի քանի հետաքրքրական տեղեկություններ հայտնվեցին շրջանառության մեջ մամուլում վերջին շաբաթների ընթացքում։ Համաշխարհային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի գնի էական նվազման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են հայ-ռուսական գազային բանակցությունները փոխադրել հայանպաստ հուն։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և ըստ Բելառուսի պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռուսական գազի գինը, արձանագրել, որ ներկայիս գինը չի համապատասխանում միջազգային շուկայի միտումներին։ Այստեղ հարկ է նշել, որ զրույցի բովանդակության այս հատվածը բացակայում էր հայկական պաշտոնական հաղորդագրությունից, և չնայած այդ հանգամանքին, թե տեղացի, թե արտասահմանցի մի շարք փորձագետներ, սա դիվանագիտորեն ճիշտ քայլ չէին որակել՝ համարելով, որ Ռուսաստանի հետ գազի գինը յուրաքանչյուր երկիր պետք է քննարկի բացառապես երկկողմ ձևաչափով, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չփորձելով այս հարցում դաշնակիցներ ձեռք բերելով՝ ճնշում բանեցնել Ռուսաստանի նկատմամբ։

Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցին զուգահեռ՝ տեղեկացանք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ նրան առաջարկելով սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված բարդ վիճակում և համաշխարհային շուկայում նավթի և գազի գնի անկման պայմաններում։ «Մասնավորապես, մենք պատեհ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնել, ինչպես նաև՝ գազի համար վճարումն ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- ասված է Ա.Միլլերին ուղղված գրության մեջ։

Եվ այն փուլում, երբ  ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ փորձում է բանակցային նոր փուլ սկսել գազի գնի շուրջ, երբ ողջ աշխարհում էներգակիրների ակնհայտ գնանկում է նկատվում, տնտեսական խնդիրներ՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ, «Գազպրոմ Արմենիա»-ն  դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել մեկ սակագին՝ 283 դոլար հազար խորանարդ մետրի համար: Գործող սակագինն այս պահին միջինը 255 դոլար է։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթեր-ասուլիսի  ընթացքում ասաց, որ  այս ճգնաժամային իրավիճակում հանրության, ինչպես նաև  Կառավարության կողմից էլ չի ընկալվում, որ  կարելի է նմանատիպ որոշում կայացնել։  Նախօրեին ուղիղ եթերից ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ըստ Կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։

Ուշագրավն այն էր, որ Կրեմլի տարածած հաղորդագրությունում որևէ խոսք չկար գազային բանակցությունների մասին, ինչը բավականին խոսուն փաստ է երկու երկրների ներկայիս օրակարգի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման մակարդակի շփումների  օրակարգը նախապես համաձայնեցվում է, որոշ դեպքերում համաձայնեցվում են  մինչև անգամ պաշտոնական հաղորդագրություններում ներառվելիք քննարկված թեմաները։ Եվ սա այնքան էլ դրական հանգամանք չէ ՀՀ կառավարության նախաձեռնած գազային բանակցությունների նոր ռաունդի հետագա հաջողության համար, երկու հաղորդագրությունների բովանդակային տարբերությունը նշանակում էր, որ նոր գազային բանակցություններ սկսելը ՌԴ իշխանությունների «սրտով չէր» և նրանց օրակարգում չէր։ Հարկ է հիշեցնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերի ընթացքում մանրամասնեց Պուտինի հետ ունեցած զրույցի բովանդակությունը։

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, և հումանիտար առումով, և տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել, գալ ընդհանուր հայտարարի: Եվ ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս պրոցեսին, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել»,- ասաց Փաշինյանը։ Վերջինս նաև ասաց, որ խոսում են դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչև հիմա ռուսական գազի համար վճարում ենք դոլարով: «Մեր առաջարկն այն է, որը ես այսօր կրկնել եմ, որ ճիշտ կլինի՝ մենք գազի դիմաց ռուբլով վճարենք: Դա ավելի տրամաբանական է: Հույս ունենանք, որ այս բանակցությունները հաջող կլինեն»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։ Այս իրավիճակում հետաքրքրականն այն է, թե ինչով կառաջնորդվի Ռուսաստանը գազային բանակցություններում, քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչով, և, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը, ինչպես վերջին տարիների ընթացքում, կտրվի տնտեսականին։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բնական և տրամաբանական է համարում հայ-ռուսական քննարկումները գազի գնի շուրջ ներկայումս։ Ըստ նրա, առանձնապես մտահոգիչ չէ նաև այն փաստը, որ երկրներից մեկն անդրադառնում է մի թեմայի, իսկ մյուսը՝ ոչ, քանի որ, բացի այն, որ հաճախ չեն համաձայնեցվում տեքստերը, այլև պատրաստվում են ստանդարտ հաղորդագրություններ, որոնց բովանդակությունը վերջին ամիսներին վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին և Ռուսաստանին հետաքրքրող մեկ այլ ուղղության՝ համագործակցություն ԵԱՏՄ շրջանակում։

«Շատ բան պայմանավորում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը չափազանց զբաղված է մի շարք ուղղություններով, առավելապես՝ մերձավորարևելյան, Թուրքիայի, սահմանադրական փոփոխություններ, որոնք հետաձգվեցին, ինչպես նաև այս փուլում կորոնավիրուսի դեմ պայքարն է բոլորի ուշադրության կիզակետում, նավթի գների նվազումը, որը մի շարք խնդիրների է հանգեցնում և հանգեցնելու տնտեսությանը, քանի որ մեծ ռեսուրսներ են ներդրվում նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։

Այսինքն՝ այս փուլում կորուստները շատ են։ Եվ դժվար է պատկերացնել, որ այս իրավիճակում գները կնվազեն, քանի որ, ընդհակառակը, բյուջեն լցնելու և ամրացնելու խնդիր է դրվելու։ Քաղաքականությունը կարևոր է, բայց առանց տնտեսության՝ հնարավոր չէ, և հիմա այն կարևորվելու է։ Այս իրավիճակում պետք է հուսալ, որ կկայացվեն ճիշտ որոշումներ և որոշում չի կայացվի բյուջեն լցնել սխալ տեղերում գնաճ իրականացնելով»,- նման կարծիք հայտնեց Սկակովը՝ շարունակելով, որ, այնուամենայնիվ, բանակցությունները դեռ նոր են սկսվելու, և դեռ վաղ է որևէ կանխատեսում անելը։

Նրա կարծիքով՝ ՀՀ և ՌԴ ամեաբարձր իշխանությունների միջև հարաբերությունները նորմալ բնույթ են կրում, կա փոխըմբռնում, հասկացվածություն։ Սակայն, Սկակովի համոզմամբ նաև, ՌԴ-ն այսօր կենտրոնացած չէ Անդրկովկասի, այդ թվում՝ Հայաստանի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ավելի մեծ խնդիրների պատճառով՝ թե ներքին, թե արտաքին։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 596-ով․ գրանցվել է մահվան 7 դեպք

Irina Abovyan

Կոչ եմ անում պայքարել մեր երեխաներին դպրոցներում դիմակախեղդ անելու որոշման դեմ…Արտյոմ Ասրիյան

Irina Abovyan

«Խնդրում եմ, դիմակ կրեք»․ երեք երեխա ունեցող մայրը կամավորագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարում

Irina Abovyan

Տեղական ինչ թեստեր են արտադրվելու Հայաստանում․ ինչ ներուժ ունի Հայաստանը

Irina Abovyan

Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan