Հասարակություն

Կորոնավիրուսի պատճառով Շիրակի գյուղաբնակները սոցիալական լուրջ խնդիրներ ունեն. արտագնա աշխատանքի գնալ չեն կարող

Արտակարգ դրության ռեժիմն ու տեղաշարժի սահմանափակումները Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչներին ևս ստիպել են մնալ տանը։

Գյուղերում մարդիկ խմբերով չեն հավաքվում, փոխարենն ամեն մեկն իր հողն է մշակում՝ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ «Մարդիկ հիմնականում տներում են մեկուսացած,  գյուղերում ինչպես է՝ հարևանի տուն կարող են մտնել-ելնել: Բայց հիմա բոլորն իրենց տներում են, տեղ էլ չունեն հավաքվելու՝ մշակույթի տունը, հանգստյան վայրերը փակ են։ Եղանակն էլ այսօր նպաստում է, որ տանը մնան, գյուղատնտեսական աշխատանքներ չկատարեն։

Հիմնականում մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում, երբ եղանակը լավ լինի, էլի կսկսեն իրենց գործերն անել, չեն նայի վիրուսին: Գործը դաշտերի հետ է, մեկ կամ երկու հոգով, առանձին-առանձին անում են, մեկը մյուսին չի խանգարում։ Եթե պահպանեն կանոնները, խնդիրներ չենք ունենանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ախուրյանի տարածաշրջանի համայնքներում նույնպես բնակիչները պահպանում են արտակարգ ռեժիմի կանոններն ու մնում են տանը։ «Գյուղերում շատ քիչ կտեսնես, որ առաջվա նման հավաքվեն, հիմա մարդիկ իրենց տանն են։ Գյուղատնտեսական աշխատանքներն են արդեն սկսվում, մարդիկ  դուրս են գալիս առանձին, ամեն մեկն իր հողակտորի վրա, իր ընտանիքի անդամներից մեկ-երկու հոգով՝ ոչ ավելի, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։ Մնացածը հիմնականում տանն են, ոչ բոլորը հող ունեն, ոչ բոլորն են, որ դաշտում գործեր ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։ Նա նաև հավելեց, որ համայնքներում ախտահանման աշխատանքներ են կատարվում:

«Համայնքապետարանում սահմանափակ թվով մարդկանցով ենք աշխատում, խիստ անհրաժեշտության դեպքում էլ ընդունելություն ենք կազմակերպում։ Համապատասխան նյութերով ապահովել եմ, բազմաբնակարան շենքերի մուտքերը, նաև կանգառները ախտահանվում են: Արդեն փողոցներն ենք սկսել ջրցան մեքենայով, քլորաջրով ախտահանել»,- ասաց Իգիթյանը։ Տեղաշարժի սահմանափակումների պատճառով գյուղերի շատ բնակիչներ կանգնել են սոցիալական լուրջ խնդիրների առջև, օրավարձով գումար վաստակողները՝  զրկվել աշխատանքից։

«Շատ կան ընտանիքներ, որ սոցիալական վատ վիճակում են գտնվում։ Մարդիկ կան, որ օրավարձով աշխատողներ են, հիմա աշխատանք չունեն։ Աջակցություն կա Կառավարության կողմից նախատեսված, մեզանից ցուցակներ են ուզել, ուղարկել են ցուցակները՝ ճշտելու համար, թե ովքեր են Հայաստանում, ովքեր՝ ոչ»,- ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ Ախուրյան համայնքի ղեկավարի պնդմամբ էլ՝ օրավարձով աշխատողներն այժմ անելանելի վիճակում են հայտնվել։

«Շատերն էլ դժգոհում են, որ մնացել են տանը և դուրս չեն կարող գալ։ Նրանք  տարբեր ձևով են իրենց ապրուստը հայթայթում. օրական մեկի դռանը, դաշտում էին գործ անում, գումար աշխատում, հիմա մնացել են տանը, խնդրի առաջ կանգնել»,- ասաց Արծրունի Իգիթյանը։ Հենց այս սեզոնին գյուղաբնակ տղամարդկանց մեծ մասը մեկնում էր արտագնա աշխատանքի, իսկ հիմա Հայաստանից դուրս գալ հնարավոր չէ։ Մեր զրուցակիցների խոսքով՝ այս ամենը սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի։ Շիրակի մարզի գյուղերը մեծամասամբ ապրում են «խոպանչիների» ուղարկած գումարներով։ «Մարդիկ չեն հասցրել գնալ արտագնա աշխատանքի, երևի մի երկու տոկոսն է դուրս եկել։ Ով էլ գնացել է, այնտեղից հետ են ուղարկել։

Այս տարի շատ լուրջ խնդիր կունենանք թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Եթե չգնացին արտագնա աշխատանքի, այդ գումարը, որն այնտեղից պիտի մտներ Հայաստան, արդեն չեն լինի»,- ասաց Մարմաշենի համայնքապետը։ Ի դեպ՝ Մարմաշենի ու Ախուրյանի տարածաշրջանների բնակավայրերում  կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր դեռ չկան, կան միայն մեկուսացված անձինք։ «Մենք չունենք հիվանդներ, կան մեկուսացված մարդիկ, որոնք դրսից են եկել: Տարբեր բնակավայրերում կան, բայց հիվանդության դեպքեր չկան»,- նշեց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ Ախուրյանում ևս հիվանդներ չկան: «Մեզ մոտ վարակված որևէ դեպք չունենք, մեկուսացավածներ կան մի քանի հոգի, ովքեր եկել են Ռուսաստանից։

Նաև մեր սպորտսմեններից երկու-երեքը: Բռնցքամարտի  մրցումները, որ ընդհատվեցին, դրա մասնակիցներն են: Մեկը նաև թեստ է անցել, որը բացասական է։ Նրանք ինքնամեկուսացած են ընտանիքով, կարգապահ են, կատարում են  բուժաշխատողների ցուցումները»,- ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։


Կարդացեք նաեվ

Նախանձը բոլոր չարիքներ մայրն է և նախանձը երբեք չի կարող բարի լինել

Irina Abovyan

Պատկան մարմինների քար անտարբերության պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Irina Abovyan

Հարգելի՛ պարոն Փաշինյան, սա հատուկ Ձեզ համար. քաղաքացին տեսանյութով դիմում է վարչապետին

Irina Abovyan

Գիշերվա ժամին քաղաքացին գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները (Տեսանյութ)

Irina Abovyan

Առանց ձեռնոցի, դիմակի ուղևոր ու վարորդ չի լինելու. Հակոբ Կարապետյանի գրառումը

Irina Abovyan

Նոր և հետաքրքիր․ եփովի կրեմով շատ հեշտ և պարզ թխվածք «Հրաբուխ»․ պահպանեք բաղադրատոմսը

Irina Abovyan