Քաղաքականություն

Տասնյակ-հազարավոր մարդիկ կանգնած են աշխատանքը կորցնելու, իրենց ընտանիքի ապրուստը վաստակելու խնդրի առջև

Հետկորոնավիրուսային շրջանում տնտեսությունն այս վիճակից հանելու համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Կառավարությունն այժմվանից ոտ ու ձեռ է ընկել. առանց այդ էլ՝ ներդրումները շատ քիչ էին, հիմա՝ առավել ևս, երբ ամեն ինչ խառնվել է իրար՝ է՛լ ավելի դժվար է լինելու օտարերկրյա ներդրողներին համոզել և բերել Հայաստան։ Իսկ առանց ներդրումների հեշտ չի լինելու շտկել իրավիճակը։

Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, բազմաթիվ ոլորտներ կաթվածահար վիճակում են, ու դեռ հարց է, թե ինչքանով հնարավոր կլինի հետկորոնավիրուսային շրջանում վերականգնել դրանց աշխատանքը։ Տասնյակ-հազարավոր մարդիկ կանգնած են աշխատանքը կորցնելու, իրենց ընտանիքի ապրուստը վաստակելու խնդրի առաջ։ Աղքատության ավելացման և սոցիալական լարվածության խորացման ռիսկերն էապես մեծացել են։

Այս իրավիճակից դուրս գալու համար չափազանց մեծ է լինելու ներդրումների դերը։ Ցավոք, իշխանությունները ոչ միշտ են գիտակցում ներդրումների նշանակությունը։ Երբեմն ներդրումները պարզապես ստորադասվում են քաղաքական նպատակներին՝ կարևոր չէ, թե դա ինչ հետևանք է ունենում երկրի ներդրումային միջավայրի վրա։

Հիմա, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, կառավարությունը կրկին հիշել է ներդրումների կարևորության մասին։

«Կարծում եմ՝ հետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու, և մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»,- դիմելով օրերս կառավարությունում հրավիրված խորհրդակցության մասնակիցներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե կառավարությունը մինչև հիմա ինչքանո՞վ է կարողացել լուծել ներդրումների խնդիրը, բոլորիս աչքի առաջ է։ Դրա համար անգամ 2 տարին բավարար չեղավ։ Չնայած իշխանությունները փորձում են անընդհատ տպավորություն ստեղծել, թե ներդրողների ուշքը գնում է Հայաստանում ներդրումներ անելու համար, այնուհանդերձ անցած 2 տարում ներդրումային պատկերը մեր երկրում չփոխվեց։ Նույնիսկ չհաջողվեց պահպանել իշխանափոխությունից առաջ նկատված ներդրումային ակտիվությունը։

Այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», որի հետ մեծ հույսեր էին կապվում, երաշխիք չէր ներդրումների համար։ Նախորդ 2 տարիների փորձը ցույց տվեց, որ ներդրողները պատրաստ չեն իրենց միջոցները վստահել Հայաստանի տնտեսությանը։ Դեռ մի բան էլ՝ գումարների արտահոսք է տեղի ունենում։ Ու դրա համար կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց՝ սկսած ներդրողների իրավունքները ոտնահարելուց՝ մինչև արհամարհելն ու պիտակավորելը։ 2 տարում այդպես էլ Հայաստանում նորմալ ներդրումային միջավայր չստեղծվեց։

Թե այս ու այն տեղ ինչ կասի կառավարությունը ներդրումային գրավչության ու առավելությունների մասին, ոչ մի արժեք չունի։ Դրանց արժեքը երևում է ներդրումների ծավալներով, որոնք շատ հեռու են բավարար լինելուց, էլ չասենք՝ վարչապետի ու կառավարության տված խոստումներից։

2 տարի շարունակ հավաստիացումներ են հնչում, որ ներդրողները հետաքրքրված, նույնիսկ չափազանց հետաքրքրված են Հայաստանի հեղափոխական տնտեսության նկատմամբ, որ շուտով գալու են ու ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնեն։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ և հետո խոսվում էր միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք զուր հույսեր են՝ կտրված իրականությունից։

Կենտրոնական բանկն օրերս հրապարակել է անցած տարվա օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրությունը։ Պատկերը կրկին տխուր է։

2019թ. ընթացքում Հայաստանում կատարվել է ընդամենը 254,5 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում։ Ներդրումները նախորդ տարվա համեմատ՝ ավելացել են, բայց ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ. ընդամենը 400 հազար դոլարով։

Ահա սա է կառավարության ու իշխանությունների իրականացրած ներդրումային քաղաքականության արդյունքը։ Այն դեպքում, երբ 2019թ. Հայաստանում տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ավելի հանգիստ էր, քան 2018թ.։ Բայց նույնիսկ դա չի նպաստել, որպեսզի ներդրողների  հետաքրքրություններն ավելանան։ Երրորդ տարին անընդմեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները 255 մլն դոլարից չեն անցնում։ Դա այն գումարը չէ, որ կարող է մեծ բան փոխել տնտեսության մեջ։ Զարմանալի չէ, որ Հայաստանում նոր ձեռնարկություններ կամ արտադրություններ շատ քիչ են բացվում։ Բացվածներն էլ հաճախ արագ փակվում են։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի  տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները նույնիսկ ավելացել են։ 2 տարի է՝ չի հաջողվում հանգուցալուծել խոշոր ներդրումային ծրագրերից մեկի շուրջ առաջացած թնջուկը։ Խոսքն Ամուլսարի մասին է։ Չնայած իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դրա հետ կապված իրավական խնդիրներ չկան, այնուհանդերձ ոչինչ չեն անում ներդրողի իրավունքները պաշտպանելու համար։ Շատ դժվար է պատկերացնել, որ այսպիսի իրավիճակներից հետո ներդրողները կարող են վստահություն ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ բախվելով բյուրոկրատական քաշքշուկների հետ՝ ներդրողները փոխում են իրենց մտադրությունները և հեռանում։ «Մեր ամենամեծ թերացումներից մեկը. մինչև այժմ գործարկված չէ ներդրումների ուղեկցման լիարժեք գործունակ համակարգ»,- ոչ վաղ անցյալում ստիպված էր խոստովանել Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ՝ դրա համար կառավարությունը 2 տարի ժամանակ ուներ, ու այդ 2 տարին լիովին բավարար էր, որպեսզի ստեղծվի նման համակարգ։ Բայց այն չի ստեղծվել։ Եվ դա կառավարության միակ թերացումը չէ։

Գործունեության այս ամբողջ ժամանակահատվածում որևէ գործուն քայլ չարվեց ներդրումների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ու այն, որ վարչապետն Ազգային ժողովի կամ այլ ամբիոններից պիտակավորում է ներդրողներին, պետք է գիտակցի, որ դրանով ոչ թե նպաստում, այլ վնասում է երկրի ներդրումային հեղինակությանը։

Այս ամենից հետո, թե հիմա ինչի՞ վրա է կառավարության հույսը, հայտնի չէ։ Ներդրումային միջավայրը մեկ օրում կարելի է ոչնչացնել։ Բայց տարիներ ու տքնաջան աշխատանք է պետք այն վերականգնելու համար։ Ներդրողներին դժվար է գայթակղել անիրական խոստումներով։ Առավել ևս՝ այսօրվա անկայուն տնտեսական ու սոցիալական իրավիճակում, երբ դեռ հայտնի չէ, թե ինչեր են մեզ սպասվում առաջիկայում։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Փողի՞ համար եք պատերազմ գնացել…. Քեզ մի շան տղայա ուղարկել ստեղ…կամավոր կռված տղերքը պռովոկատորին իր տեղը ցույց տվեցին.միջադեպ ՊՆ֊ի դիմաց

Irina Abovyan

Հնարավոր չի հիասթափվել Նիկոլ Փաշինյանից. հեղափոխականները 2 տարի անց էլ չեն «փչանում»

Irina Abovyan

Հրեշավոր սաբոտաժ Հայաստանում․ Ո՞վ է կազմակերպիչը և ինչ է բացահայտվում

Irina Abovyan

ԱՄՈԹ․ խելքներիդ դուռ լուսամուտ դրեք, քամիա սկվազնյակից գլխներիդ միջի մնացած շարիկները ևս հոդս չցնդեն

Irina Abovyan

Մնում է ընդունել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում․ «Իրավունք»

Irina Abovyan

Հրատապ ՝ Ադրբեջանական Հակերները Հարձակում են գործել, Աշոտյանը շոկի մեջ է

Irina Abovyan