Հասարակություն

30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ, պահել 16-17 տարեկան երեխաներ. օրավարձով աշխատողները դժգոհում են՝ Կառավարությունն անտեսել է վարձով ապրողների խնդիրը (տեսանյութ)

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Կառավարությունը մշակեց սոցիալական աջակցության 9 փաթեթ, սակայն բազմաթիվ քաղաքացիների խոսքով՝ այդ փաթեթների շրջանակը նեղ է, և շատերը, որոնք չգրանցված աշխատողներ են եղել, այսօր կանգնած են սոցիալական խնդիրների առջև: Tert.am-ը ներկայացնում է օրավարձով աշխատող մի քանի քաղաքացիների՝ Կառավարությանն ուղղված դիմումները:

Նրանցից մեկի ընտանիքը կառավարության սոցիալական աջակցության փաթեթներից որևէ մեկից չի կարող օգտվել, քանի որ ընտանիքը նպաստառու է: «Մի՞թե նպաստառուն, որ ստանում է 30 000 դրամ, ի վիճակի է վճարել 45 000 դրամ տան վարձ, պահել 16-17 տարեկան երեխա, 17 տարեկան երեխա, որ պետք է մի տարի հետո անցնի ծառայության: Այդպե՞ս եք ձեր ապագա զինվորներին պահում: Եթե այսօր մեզ նստեցրել եք տանը, չենք աշխատում, բերեք պահեք: Ես խոստանում եմ՝ եթե ինձ չօգնեք, այնպես եմ անելու, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ իմ տղային չեմ թողնելու ծառայության գնալ: Եթե չեք պատրաստվում պահել, դուրս կգանք աշխատելու՝ չհետևելով պարետի ոչ մի հրահանգի, և թող մեկը փորձի ասել, թե կտուգանի»,-նշեց օրավարձով աշխատող քաղաքացին:

Վարձով բնակարանում ապրող մեկ այլ ընտանիք ևս նշում է, թե Կառավարության կողմից անտեսվել է վարձով ապրող քաղաքացիների խնդիրը: «Հայաստանի ընտանքիների շատ մեծ զանգված բնակվում է վարձով, և ընտանիքներում չգրանված աշխատողներ են: Բնակարանների տերերը պահանջում են վարձերը: Երկու կողմին էլ կարելի է հասկանալ, բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է այն մարդը, ով 5 րոպեից կարող է հայտնվել փողոցում: Ընտանիքում չկա երեխա, որ օգտվի սոցիալական աջակցությունից, և ընտանիքի անդամները գրանցված աշխատող չեն, որովհետև չկա մի մարմին, որը կհսկի այն հարցը, որ մարդկանց գրանցեն»,-նշեց նա:

Մեկ այլ քաղաքացի ևս նշում է, որ վարձով է ապրում, և քանի որ այս ամիս վարձը վճարել չի կարող, բնակարանը պետք է լքի: «Ամուսինս աշխատում է օրավարձով, չգրանցված, քանի որ մի օր աշխատում է խանութում, մի օր՝ այլ խանութում: Փորձել եմ կապ հաստատել պարետի հետ՝ 4 անգամ: Չորս անգամ էլ իրենց աշխատակիցները շատ «մուննաթով» պատասխանել են, որ պարտավոր չեն ինձ լսել, և հեռախոսն անջատել են»,-ասաց քաղաքացին:

34-ամյա Սեդան ևս օրավարձով աշխատող է եղել, և, իր խոսքով, աշխատելու ընթացքում կարողացել են բավարարել ընտանիքի կարիքները: Իրենք ապրում են վարձով բնակարանում, և այժմ, վարձը վճարելու անկարողության պատճառով, դրսում մնալու խնդրի առջև են կանգնած:

Ալբերտն ապրում է մոր և քրոջ հետ: Իր խոսքով՝ մինչ արտակարգ դրության հայտարարումն աշխատել է օրավարձով՝ տարբեր վայրերում: Քույրը գրանցված աշխատող է եղել, բայց կորոնավիրուսի պաճտառով այժմ չվճարվող արձակուրդում է: «Օրը մի տեղում աշխատել եմ, որտե՞ղ պետք է գրանցվեի: Օրը մեկի մոտ պետք է գրանցվեի՞, որ գնահատեիք իմ աշխատանքը: Հիմա ո՛չ կարողանում եմ կոմունալ մուծել, ո՛չ ապրելու հնարավորություն կա: Կասե՞ք՝ մեզ նման մարդիկ հիմա ի՞նչ պետք է անեն: Դուք ինձ չեք տվել տարբերակ, որ ինչ-որ տեղ գրանցվեմ»,-դիմելով Կառավարությանը՝ նշեց օրավարձով աշխատող քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեվ

Այս 4 նշանները վկայում են որ մարդը կարող է այդ օրը ինսուլտ ստանալ

Irina Abovyan

ՖՈՏՈ. 28 համարի ավտոբուսը՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում

Irina Abovyan

«Սև շուն, որը միշտ ինձ հետ է», այդպես էր բնորոշում դեպրեսիան Ուինստոն Չերչիլը:

Irina Abovyan

Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Irina Abovyan

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում «կասկադյորիստ» վարորդը Kia–ով բախվում է էլեկտրասյանը

Irina Abovyan

Ադրբեջանի կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք

Irina Abovyan