Հասարակություն

Արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ փաստի առաջ են կանգնել

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վարազդատ Կարապետյանը ֆոյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե նոր կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի։

«Չնստեք ու սպասեք սահմանները բացելուն։ Գործե՛ք։ Անգամ եթե հետո բարենպաստ լինի ու գնաք, դուք հիմա ձեր ջանքը, եռանդը, միջոցները դրեք ու մշակեք հողը»,- գրել էր նա։

Ավելի ուշ, նա այդ կոչով դիմել էր համայնքների ղեկավարներին, որ «նրանցից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը»։ «Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։ Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ֊որ բան՝ հող, միջոց: Ինքնակազմակերպվե՛ք։ Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։ Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարը ու միանգամից գնեք պարարտանյութ։ Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա»,- գրել էր նա:

Հայտնի է, որ Հայաստանից, հատկապես Լոռու, Գեղարքունիկի և Շիրակի մարզերից յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր մարդիկ են մեկնում Ռուսաստան արտագնա աշխատանքի և աշնանը վերադառնում: Հիմա արդեն մեկնելու շրջանն է, բայց կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր երկրների սահմանները, և որևէ մեկը չի կարողանում գնալ: Ավելին, ով էլ հասցրել էր մինչև այդ գնալ, ՌԴ-ում չի կարողանում աշխատել, քանի որ այնտեղ էլ նույն պատճառով արտակարգ իրավիճակ է, և շուտ հայրենիք վերադառնալու խնդիր ունի: Եվ այսօր արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ շփոթված վիճակում են, չգիտեն որքան կտևի այս իրավիճակը և ինչով պետք է զբաղվեն եկամուտ ունենալու, ընտանիքը պահելու համար: Կառավարությունն այս մարդկանց դեռ չի դասել խոցելի խմբերի շարքում և նրանց համար առանձին ծրագրեր չի մշակել:

Փորձեցինք այս մարզերի ղեկավարներից պարզել, թա ինչ աշխատանք են տանում իրենց համակարգման տակ գտնվող համայնքներում, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում լուծել այդ մարդկանց զբաղվածության հացրը: Նրանց գոնե բացատրվո՞ւմ է, որ միգուցե այս տարի չկարողանան մեկնել, և ժամանակը բաց չթողնեն ու հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվեն: Կամ`կա՞ կոնկրետ ծրագիր հարյուրավոր հեկտարներով անմշակ հողերը մշակելու, որ փակ սահմանների պայմաններում ինչ-որ չափով լուծվի մեր երկրի պարենային անվտանգության խնդիրը:

Թե Լոռու, թե Գեղարքունիքի մարզերի ղեկավարները «Ա1+»-ի հետ զրույցում ասեցին, որ արտագնա աշխատանքի մեկնողների զբաղվածությունը լուծելու առանձին հարց դրված չէ: Պարզապես այդ մարդիկ պետք է իրենք ներգրավվեն կառավարության ծրագրերում` առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ են ուզում անել, որ պետությունն էլ օգնի: Նրանք նաև չգիտեին, թե իրենց մարզերից մոտավոր հաշվարկներով քանի մարդ է մեկնում ՌԴ, որ այս տարի գործազուրկ է դարձել:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պարզապես ասած, թե այդ մարդկանց զբաղվածությունը պետք է գյուղատնտեսության ոլորտում ապահովել: Եվ հավելեց, որ այդ առումով որոշակի աշխուժացում կա, նախկինում չմշակված մի շարք հողատարածքներ արդեն մշակվում են: Բայց չգիտեր, թե մարզում որքան անմշակ հողեր ունեն: Նա նաև ասեց, որ արտագնա աշխատանքի մեկնողները դեռ սպասում են, որ որոշ ժամանակ հետո մուտք ու ելքը ազատ կլինի, և իրենք կկարողանան մեկնել ՌԴ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նույնպես գործընկերոջ նման տվյալ չուներ, թե մարզից քանի մարդ այս տարի չի կարողանա արտագնա աշխատանքի մեկնել, կամ որքան անմշակ հող կա, որ կարելի է, նրանց մասնակցությամբ մշակել, որ ճգնաժամային այս իրավիճակում գոնե պարենային ապահովվածության խնդիրը լուծել:

«Ամեն դեպքում ձեր ասածը խնդիր է, և մենք գիտակցում ենք, որ ունենք այդ խնդիրը: Այս տարի նախորդ տարվա համեմատ և գումարային, և քանակային առումներով ունենք սուբվենցիոն ծրագրերի կրկնապատկում, անգամ եռապատկում: Բացի այդ պետական ճանապարհաշինարարական և այլ ծրագրեր են նախատեսված: Եվ եթե այդ ծրագրերն իրականացվեն, բավականին աշխատատեղեր կբացվեն: Բայց այս կորոնավիրուսային իրավիճակից ելնելով ես չեմ կարող ասել, թե այդ ծրագրերը երբ կմեկնարկեն, այդ մարդիկ երբ կներգրավվեն այդ աշխատանքներում»,- անկեղծացավ մարզպետը:

Ա.Ղուկասյանը նաև հավելեց, որ իրենց համապատասխան ստորաբաժանումները համայնքներին իրազեկում են, թե կառավարությունն աջակցության ինչ ծրագրեր է ներկայացրել և նրանք ինչպես կարող են միանալ դրանց: «2018թ. 2019թ. համեմատ մշակվող հողերի բավականին աճ ունենք, անգամ 1200 հեկտար դարձրել ենք ոռոգելի: Ակնկալում ենք, որ այս տարի այդ հողերը պետք է մշակվեն»,- ասաց Ա.Ղուկասյանը:

Կարդացեք նաեվ

Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի

Irina Abovyan

Այ մարդ, այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ, չի կարողանում դուրս գալ. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

Ընտրեք բանալիներից մեկը, և այն կբացահայտի ձեզ

Irina Abovyan

Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, կարող են բնապահպանական աղետ առաջացնել

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք

Irina Abovyan

#Boeing-ը դադարեցնում է արտադրությունը` #COVID_19-ի պատճառով

Irina Abovyan