Առողջություն

Կանանց մոտ սակավ արյունության հիմնական ախտանիշները և ինչպես խուսափել այդ խնդրից

Սակավարյունությունը (անեմիա) բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու առողջության ու ինքնազգացողության վրա։ Այս հիվանդությունը կարող է զարգանալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն առավել հաճախ այս խնդրին այնուամենայնիվ բախվում են կանայք, ուստի դրա զարգացման պատճառների ու հնարավոր դրսևորումների նկատմամբ շատ ավելի ուշադիր պետք է լինեն հենց կանայք։

Դիտեք նաև՝

Ինչ է սակավարյունությունը

Սակավարյունությունը խանգարում է, որը զարգանում է արյան մեջ առողջ էրիթրոցիտների կամ հեմոգլոբինի մակարդակի նվազման դեպքում։ Էրիթրոցիտների աշխատանքի այս խանգարմանը նպաստող հիմնական պատճառներից մեկը հանքանյութային երկաթի մակարդակի նվազումն է, որը հարկավոր է օրգանիզմին հեմոգլոբին սպիտակուցի արտադրման համար։ Այս տարրն իր հերթին օգնում է էրիթրոցիտներին թթվածին մատակարարել օրգանիզմի հյուսվածքներին, ուստի կենսական նշանակություն ունի և հարկավոր է օրգանիզմին էներգիա ստանալու և ամենատարբեր գործառույթներն իրականացնելու համար։

Ինչը կարող է դառնալ անեմիայի զարգացման պատճառ

Այս ախտաբանության զարգացման հիմնական պատճառը սննդակարգում բավարար քանակությամբ կարևոր սննդարար նյութերի պակասն է։ Ընդ որում՝ վերջին տարիներին սա էլ ավելի լուրջ բնույթ է սկսել կրել, ինչը պայմանավորված է նաև մարդկանց սննդային նախասիրությունների փոփոխությամբ։

«Մեր սննդային սովորությունները փոխվել են, մենք հիմնականում ապավինում ենք փաթեթավորված ու վերամշակում անցած մթերքին, որը պարունակում է շատ քիչ քանակությամբ սննդարար նյութեր։ Սննդարար նյութերով հարուստ մրգերի ու կանաչ տերևավոր բանջարեղենի գործածության նվազեցումը ևս նպաստում է իրավիճակի վատթարացմանը», – նշում են մասնագետները։

Բացի այդ, սակավարյունության զարգացման հավանականության վրա ազդում են նաև արյան ժառանգական ախտաբանությունները, թութքի կամ խոցի պատճառով արյան կորուստն ու որոշակի հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի, ռևմատոիդ արթրիտի, Կրոնի հիվանդության, երիկամների հիվանդությունների ու քաղցկեղի առկայությունը։

Ինչու է սակավարյունությունն առավել հաճախ ախտորոշվում կանանց մոտ

Որոշակի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված կանայք շատ ավելի հաճախ են բախվում այս խնդրին։ Նման առանձնահատկությունների շարքին կարող են դասվել դաշտանի կամ ծննդաբերության հետևանքով արյան կորուստը, ինչպես նաև այն փաստը, որ կանանց օրգանիզմը հղիության ընթացքում սննդարար նյութերի մեծ մասը տալիս է պտղին։

Ինչ ախտանշաններով կարող է դրսևորվել այս հիվանդությունը

Գոյություն ունեն սակավարյունության տարբեր տեսակներ, որոնց շարքին են դասվում երկաթ պակասորդային սակավարյունությունը, պերինիցիոզ անեմիան (անեմիա վիտամին B12 պակասորդային), ապլաստիկ սակավարյունությունը, աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունությունն ու մանգաղաբջջային սակավարյունությունը։ Այս տեսակներից առավել տարածված է երկաթ պակասորդային սակավարյունությունը, ուստի դրա մասին հուշող հիմնական ախտանշաններն իմանալը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։

Մասնագետների խոսքով՝ սակավարյունության այս տեսակի մասին նախազգուշացնող հիմնական ախտանշաններն են մաշկի գունատությունը, հոգնածության զգացումն անգամ չնչին ակտիվության դեպքում, ախորժակի կորուստը, աշխատունակության անկումն ու ուշադրության թուլացումը, գլխապտույտները, գլխացավերը, ականջներում լսվող աղմուկը, աչքերի առաջ արտասովոր բծերի առաջացումը, ինչպես նաև սրտամկանի ցավերը, որոնք ի հայտ են գալիս անգամ հանգստի ժամանակ։

Որ սննդարար նյութերն են բուժում ու կանխարգելում սակավարյունությունը

Մասնագետների խոսքով՝ սակավարյունության բուժման ու խնդրի հետագա կրկնության կանխարգելման համար շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ ոչ միայն բավարար քանակությամբ երկաթի գործածությունը, այլև սննդակարգում B6, B2 և B12 վիտամիններով, ֆոլաթթվով, վիտամին C-ով ու սպիտակուցներով հարուստ սննդամթերքի ներառումը, քանի որ այս սննդարար նյութերն ակտիվ մասնակցություն են ունենում արյունաստեղծ համակարգի աշխատանքին։

Վերոնշյալ սննդարար նյութերով օրգանիզմը հագեցնելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու դրանում ներառել այդ տարրերի հարուստ աղբյուր հանդիսացող սննդամթերքի տեսակներ։ Օրինակ՝ բավարար քանակությամբ երկաթ ստանալու համար հարկավոր է հաճախ ուտել սննդամթերքի այնպիսի տեսակներ, ինչպիսին են կարմիր միսը, ոսպը, լոբին, տերևավոր բանջարեղենը, չամիչն ու ծիրանաչինը։

Վիտամին C-ով հարուստ են ցիտրուսային մրգերը, լոլիկը, բրոկոլին ու պղպեղը, իսկ վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են կաթնամթերքը, միսն ու սոյան։

Ինչ վերաբերում է օրգանիզմի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ֆոլաթթվին, ապա այն բավարար քանակությամբ ստանալու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը կանաչ ոլոռով, լոբով, գետնանուշով, մուգ կանաչ տերևավոր բանջարեղենով, ծնեբեկով, ավոկադոյով, եգիպտացորենով, ինչպես նաև ցիտրուսային մրգերով (կիտրոն, թուրինջ, նարինջ, մանդարին և այլն)։

Կարդացեք նաեվ

2 մթերք, որ կանխում են ստամոքսի այրոցը

Irina Abovyan

Հրաշալի բաղադրատոմս՝ եղունգների կոտրվելու, մազերի թափվելու և անքնության դեմ

Irina Abovyan

Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր տոմատի հյութ խմեք

Irina Abovyan

Ցածր հեմոգլոբինի և երկաթի պակասի դեպքում այս 9 մթերքները պարտադիր են

Irina Abovyan

Դափնու տերևը կբուժի ոտքերի անտանելի ցավը շատ պարզ, բայց արդյունավետ եղանակով

Irina Abovyan

Ուտելուց 30 րոպե առաջ խմեք ՍԱ ու տեսեք, թե ինչպես են հալվում ավելորդ ճարպերը

Irina Abovyan