Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններից հետո Ուկրաինայի, Վրաստանի և Կանադայի կողմից հնչած մեկնաբանություններին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր բացահայտումներ արեցին…
Բոլորս էլ գիտենք` Արցախում տեղի ունեցող համապետական ամեն ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն և նրան երկրպագողները հանդես են գալիս այդ ընտրությունները քննադատող և դրանց արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով…
Զարմանալիորեն այս անգամ բավական ակտիվ հակահայկական զառանցանքներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ընկերների» կողմից ղեկավարվող Ուկրաինան, Կանադան և Վրաստանը, որոնց ԱԳՆ-ները բավականին կոշտ հայտարարություններ արեցին…
Վերը նշված երկրների ԱԳՆ-ներն իրենց հայտարարություններում ոչ միայն չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, այլև բարբաջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին… Ի՞սկ ուր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները, որոնք Ջասթին Թրյուդոյին նվիրեց նույն Փաշինյանը… Ո՞ւր կորան Փաշինյանի և Գախարիայի եղբայրությունը և Նիկոլի ու Զելենսկու համակրանքը միմյանց նկատմամբ…
Թբիլիսիի, Օտտավայի և Կիևի հակահայկական հռետորաբանությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի աշխատում… Այս եռյակից, մեր ԱԳՆ-ի աշխատանքի դեպքում, գոնե Կանադան և Վրաստանը պետք է որ որևէ հայտարարությամբ հանդես չգային…
Բայց ոչ, մինչ պարոն Փաշինյանի կառավարությունը զբաղված է ներքին խնդիրներով և հերթական շոուները կյանքի կոչելով` Ադրբեջանը շարունակում է հմտորեն օգտագործել նավթախավիարային դիվանագիտությունը և «ճշգրիտ» հարվածներով Երևանին հասկացնել, որ Թրյուդոն, Գախարիան և Զելենսկին ավելի շատ Բաքվի, քան Փաշինյանի ընկերներն են…»: