Հասարակություն

Կանխել երրորդ պատերազմը

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Չորս տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Արցախից ստացվող տեղեկություններից, որոնք պատերազմի մասին էին: Մի բան, որը թվում էր, թե մեր սերնդի համար լինելու է այլևս անցյալում, որ մեր սերունդը ստիպված չի լինելու պատերազմել, քանի որ այդ կռիվը հաղթանակով տրվել էր արցախյան շարժման ու առաջին պատերազմի ընթացքում: Բայց փաստորեն շրջանառության մեջ մտավ նաև արցախյան երկրորդ պատերազմ արտահայտությունը՝ իր զոհերով և վիրավորներով:

Այդ ծանր գնով հայկական զինված ուժերը կասեցրին հայկական պետականության դեմ կազմակերպված գրոհը, որ իրականացվում էր Ադրբեջանի ձեռքով, բայց Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հովանավորությամբ, որը Բաքվին միլիարդավոր դոլարների սպառազինություն հատկացնող թիվ մեկ գործընկերն էր: Միաժամանակ այդ գործընկերը մյուս ձեռքով գործնականում պարտադրում էր Հայաստանին անարժանապատիվ քաղաքական վարքագիծ՝ ըստ էության նաև ապահովելով նախապատրաստվող ագրեսիայի, այսպես ասած, քաղաքական թիկունքը:

Ապրիլյան քառօրյան հասունանում էր մի քանի տարի շարունակ՝ ցցուն գործընթացների և խայտառակ քաղաքական իրողությունների տեսքով, ինչպիսին էր նաև Հայաստանի ԵԱՏՄ բռնակցումը: Դա տեղի էր ունենում Հայաստանում Ռուսաստանի համար թե՛ ձեռնասուն իշխանության, թե՛, առավել ևս, ձեռնասուն ընդդիմության գործադրմամբ: Ընդ որում, այդ գործընթացի մասնակից, ներգրավված մի շարք ուժեր ու դերակատարներ այսօր էլ փորձ են անում, այսպես ասած, կայուն և զգալի տեղ ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչը թերևս պետք է լինի ապրիլյան քառօրյա պատերազմի կամ արցախյան երկրորդ պատերազմի կարևոր դասերից մեկը:

Այդ դասերը քաղելը Հայաստանի, Արցախի ու հայության համար հույժ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հուսալիորեն կանխարգելել մեր կյանքում արցախյան երրորդ պատերազմ արտահայտության հայտնվելը: Երրորդ պատերազմը կանխարգելելու համար Հայաստանում պետք է գերակա լինի մի քանի հանգամանք. արդյունավետ կառավարում և խստագույն պայքար կոռուպցիայի ու գանձագողության դեմ, ներքաղաքական կյանքում ինքնիշխանության գաղափարի անվերապահ շեշտադրում՝ այլ երկրների շահերի գործակալական սպասարկումը բացառելու և այլ երկրների հետ հարաբերությունը գերազանցապես հայկական պետականության շահի վրա կառուցելու համար:

Ապրիլյան քառօրյայում Հայաստան-Արցախի բանակի և հանրության ինքնիշխան դիմադրությունը, հաջորդիվ՝ թավշյա հեղափոխությունը Հայաստանում էական քայլեր են եղել այդ ուղղությամբ, որոնք, սակայն, շարունակում են ունենալ ռազմաքաղաքական կապիտալիզացիայի խնդիր:

Ակնհայտ է, որ Հայաստանը ներկայումս դեռևս զուրկ է երկրի դեմ արտաքին ագրեսիայի ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման որևէ փորձ կանխելու քաղաքական համակարգային կարողությունից: Միայն լեգիտիմ իշխանության առկայությունն ու համակարգային գանձագողության բացակայությունը բավարար չեն Հայաստանի ինքնիշխան դիմադրողունակության համալիր կարողության մասին խոսելու համար:

Այդ հարցում էական նշանակություն ունի այն, թե ինչպիսի արժեհամակարգի և մտածողության վրա է երկրի քաղաքական, ներքաղաքական կյանքը: Իսկ այդ հարցը Հայաստանում բաց է, ըստ այդմ՝ անվտանգության հարցը շարունակում է գերազանցապես լինել բանակի ուսին: Ու թեև այդ ուսը ներկայումս բավականին ամուր է արդիական սպառազինությամբ և կամքով, այդուհանդերձ անվտանգային կանխարգելիչ կարողությունների պետական և հանրային ինստիտուցիոնալ համաչափ բաշխվածությունը Հայաստանի համար կենսական կարևորության խնդիր է:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ամուսինը սպանել է կնոջը, հարևանի տանը․ Տեսանյութ

Irina Abovyan

Online ուսուցիչ․ 1-ին դասը՝ ՆՎԵՐ

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 29-ամյա վարորդը Mazda-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են փրկարարները

Irina Abovyan

Ես տանն եմ, բայց կարոտում եմ իմ երեխայիս, քանի որ իրավունք չունեմ նրան գրկել. կորոնավիրուսը հաղթահարած բուժքույր (տեսանյութ)

Irina Abovyan

Թեստ. ինչ եք տեսնում լուսանկարում

Irina Abovyan

Արթուր Մեսչյանը հրաժարակա՞ն է տվել․ պարզաբանում է Հայկ Մարությանը

Irina Abovyan