ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց՝ գերադասելի է հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների հետ շփում ունեցող բուժաշխատողների պաշտպանությանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի հիպոթետիկ օրինակ բերեց՝ եթե կա մեկը, ով վաղուց ցանկանում էր սպանել մեկ այլ մարդու, ու պարզվում է՝ այդ մարդը կորոնավիրուսով հիվանդ է, կարո՞ղ է նրան թունավորել, հետո չլինի դատաբժշկական փորձաքննություն, և ցույց չտա՝ այդ անձի մահն ինչի հետևանքով է:
Ավանեսյանը պատասխանեց՝ նշված դեպքում և ևս մի շարք հանգամանքների պարագայում միանշանակ դատաբժշկական փորձաքննություն իրականացվելու է, օրինակ՝ երբ մահացածի անձը ճանաչված չէ, ախտորոշումը հայտնի չէ, բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել, բռնի մահվան, բռնի մահվան կասկածի դեպքում, այս բոլորը հիմք են փորձաքննության և հերձման:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն էլ նշեց.
«Մարդը մահճակալից ընկել, մահացել է, կորոնավիրուսով հիվանդ է, եթե պետք է չդիահերձել, ուրեմն՝ ցանկացած մահվան հետևանքով պետք է չդիահերձել»: