Հասարակություն

«20 օր ինքնամեկուսացած եմ եղել, ու ոչ մի սիմպտոմ․ երեկ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եկել»․ կապանցի աղջկա պատմությունը

Հարգելի բոլոր…
Երեկ գիշերը COVID-19 -ի իմ թեստը դրական արդյունք ցույց տվեց, որով պայմանավորված հիմա գտնվում եմ Կապանի Բժշկական Կենտրոնում։ Որևէ նշաններ չեմ ունեցել, ինքնազգացողությունս եղել և մնում է լավ ինչպես առաջ, էնպես էլ հիմա։

Թեստը հանձնելու նախաձեռնությունը եղել է իմը և ընտանիքիսը, և թեստ հանձնելու ցանկությունս եղել է դեռ այն ժամանակվանից, երբ ժամանել եմ Կապան: Ցանկությունս պայմանավորված չի եղել որևէ նշաններով, որովհետև վերջիններս, ինչպես նշեցի, երբևէ չեն եղել ու չկան նաև այսօր: Ցանկացել եմ թեստ հանձնել՝ ելնելով այն նկատառումից միայն, որ Հայաստան էի ժամանել ինքնաթիռային չվերթով:
Ես Հայաստան եմ ժամանել Գերմանիայից դեռ այն ժամանակ, երբ դեպքերը չէին հասցրել զարգացում ապրել այնտեղ: Իտալիայի իմ քոլեջը փակվել էր դեռ փետրվարի 23-ին, երբ երկրի մարզերից մեկում ի հայտ էր եկել վարակի առաջին դեպքերից: Ինձ երկու շաբաթով հյուրընկալել էր գերմանացի կուրսընկերուհիս: Հայաստանում եմ արդեն 20 օր:
Կապան մտնելուս առաջին իսկ պահից ընտանիքիս հետ խստորեն ինքնամեկուսացվել եմ: Ծնողներս չեն գնացել աշխատանքի, քույրս՝ դասի, արև տեսել եմ պատուհանից, ու այս ամենը նույնիսկ մինչև երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվելը:
Ընտանիքս ինքնամեկուսացած է մինչև հիմա:
Այսօր ողջ օրվա ընթացքում ինձ են հասնում տարբեր համաքաղաքացիների կողմից անհիմն ու անառողջ մեկնաբանություններ։ Ինքս թեստի դրական պատասխանից մեծ անակնկալի եմ եկել, քանի որ արդեն Հայաստանում եմ բավականին երկար ժամանակ, ու նշաններ չեն եղել ո՛չ ինձ, ո՛չ ընտանիքիս անդամներից որևէ մեկի մոտ:
Այն կապանցիներին, ովքեր տանը երկար ժամանակ մնալուց պարապության են մատնվել ու փորձում են հետաքրքրացնել իրենց կյանքը՝ դրանում անտեղի և անհիմն պանիկա մտցնելով, խնդրում եմ զգույշ լինել իրենց ձևակերպումներում: Ես ու իմ ընտանիքը ոչ ոքի հետ չենք շփվել, ուստի մենք արել ենք մեզնից կախված առավելագույնը՝ որևէ վարակի հավանական ցանկացած տարածում կանխելու համար:
Կապան գալուց հետո չեմ այցելել անգամ ինձ ամենահարազատ մարդկանց: Ընկերուհիներիս հետ շփվել եմ տեսազանգով: Նեղսրտել ու ձանձրացել եմ կարանտինից դեռ այն ժամանակվանից, երբ ձեզնից շատերը շարունակում էին բնականոն կերպով աշխատանքի գնալ:
Հիմա ընտանիքիս հետ նույն քաղաքում եմ, բայց շարունակում եմ նրանց հետ շփվել տեսազանգով էնպես, ոնց Իտալիայում եղած ժամանակ: Մեր քոլեջը փակվել է մինչեւ տարվա վերջ, ու մենք չենք հասցրել անգամ ավարտական միջոցառում ունենալ ու ստանալ մեր դիպլոմները: Ես չեմ հասցրել գրկել ու հաջողություն ասել իմ էն ընկերներին, որոնք վերջին երկու տարիներին ինձ օտարության մեջ տուն են դարձել: Ու հիմա ես հիվանդանոցում մենակ եմ՝ բոլորի հետ առավելագույնը տեսազանգով շփվելու ու պատուհանի ապակուց միայն մարդ տեսնելու հնարավորությամբ:
Ասածս ի՞նչ է: Էսքան բանի մեջ ձեր անհիմն ու կեղծ հայտարարությունները ավելի զզվելի են, քան կլինեին, եթե ես հիմա գտնվեի նորմալ պայմաններում: Ես չեմ էս վիրուսն իմ օրգանիզմ մտցրել ու պարտավոր չեմ որևէ մեկի մոտ արդարանալ նրա համար, ինչը բոլորիցդ շատ տխուր է իմ ու ընտանիքիս համար:
Մինչև օրս բոլոր հետաքրքրասերների հղած հարցերին պատասխանել եմ հնարավորինս բարեհամբույր կերպով՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի մտահոգվելու սեփական անվտանգության ու առողջության համար: Բայց որքանով որ ես եմ հասկանում ձեզ ու ձեր մտահոգությունները, այդքանի կեսով գոնե կառավարեք ձեր անզուսպ ու տհաս մարդուն բնորոշ պահվածքը:
Ես մարդ եմ, ով էս վերջին մի ամսվա ընթացքում քիչ բանի միջով չի անցել: Ու իմ պահանջը արդարացված է այնքանով, որ ես ձեզ իրավունք չեմ վերապահում՝ իմ հասցեին անպատասխանատու և անհիմն որևէ հայտարարություն անելու:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սրտանց անհանգստացել ու անհանգստանում են ինձ համար: Ովքեր հեռախոսս մի րոպե ազատ չեն թողնում, որ ես օրվա ու մենակության գաղջությունից չգժվեմ: Ովքեր շարունակում են մնալ նրբանկատ ու բարեկիրթ ոչ նրա համար, որ ձևն է էդպես, այլ որովհետև էսպիսինն է նրանց էությունը:
Էստեղ՝ հիվանդանոցում, ինձ շատ լավ են վերաբերում: Դռան այն կողմից պարբերաբար հարցնում են տրամադրությունիցս, ինքնազգացողությունիցս: Պետությունը տրամադրում է նաև սնունդ:
Լավ եմ, ժպտում եմ, ուրախ եմ…Էս օրերը անցնելու են, ու ինքներդ ձեր առաջ վստահ եղեք, որ մարդ եք ոչ միայն ֆիզիկական կառուցվածքով, այլ նաև սրտով ու հոգով…
Առողջ եղեք ու տանը մնացեք…))
Սիրով ու հավատով՝
Արևին կարոտ Անահիտ:

Կարդացեք նաեվ

Աշխարհի ամենամարդաշատ քաղաքները՝ նախկինում և այսօր (տեսանյութ)

Irina Abovyan

Այս տարի մնում ենք տանը․ Տիգրան Ավինյան

Irina Abovyan

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ․ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆՔ ՇԱՏ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Irina Abovyan

Նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից է. ով է հիվանդանոցի մոտ մահացած երիտասարդը

Irina Abovyan

ՊՆ-ն առաջարկում է զինծառայողների բնակվարձի փոխհատուցումը տրամադրել զորամասի հրամանատարի որոշմամբ

Irina Abovyan

Սարի Թաղում 27-ամյա երիտասարդի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ հրազենի գործադրմամբ նույնպես կատարվել էր սպանության փորձ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Irina Abovyan