Հասարակություն

40-ամյա տղամարդը հրկիզել է Ավանում գտնվող «Իռեն» գեղեցկության սրահը.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է Վահե Բ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Վահե Բ.-ն 40 տարեկան էր, ամուսնացած, նրա խնամքին էին մինչև 14 տարեկան 2 երեխաները՝ 10 և 3 տարեկան:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Վահե Բ.-ն հարաբերությունները խզելով նախկին ընկերուհու հետ ու կարծելով, թե նրա աշխատավայր «Իռեն» գեղեցկության սրահը պատկանում է նրան, սրահի գույքը վնասելու դիտավորությամբ                2018 թվականի հունվարի 17-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 30-ին, Երևանի Երրորդ մասից տաքսիով հասել է Ավան վարչական շրջան, «Իռեն» գեղեցկության սրահից որոշ հեռավորության վրա մեքենան կանգնեցրել, վարորդին պատվիրել է սպասել իրեն, գնացել է գեղեցկության սրահի մոտ: Ժամը 4-ն անց  5 րոպեին Վահե Բ.-ն, ըստ մեղադրանքի, քարով ջարդել է սրահի պատուհանի ապակին, այրել է նախապես իր հետ վերցրած պոլիմերային տարայով վերցրած բենզինը ու տարան պատուհանից նետել է սրահի ներսը: Գեղեցկության սրահի ներսում հրդեհ է բռնկվել, վնասվել է սրահի գույքը, և սրահի տիրուհուն պատճառվել է ընդհանուրը խոշոր չափի՝ 1 միլիոն 336 հազար 750 դրամի գույքային վնաս:

Որպես Վահե Բ.-ի խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Դատարանում Վահե Բ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանում հետազոտվել է Վահեի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել է, թե ծանոթացել ու մտերմացել էր մի աղջկա հետ, որն աշխատում էր «Իռեն» գեղեցկության սրահում: Ընկերուհին ասել է, թե գեղեցկության սրահի ոչ թե պարզապես աշխատողը, այլ  տերն է: Ինքը հավատացել է նրան:

Որոշ ժամանակ շփվելուց հետո աղջիկը խզել է իրենց հարաբերությունները, իր կարծիքով՝ պատճառն այն էր, որ այդ աղջիկը սկսել էր շփվել մեկ ուրիշի հետ: Ինքը աղջկա հեռանալուց հետո պարբերաբար մտածում էր նրա մասին, մտքում նրան էր  մեղադրում իրենց հարաբերությունների խզման համար:

2018 թվականի հունվարի 17-ի կեսգիշերին, երբ ինքը Երրորդ մասում՝ իր տատիկի տանն էր, սկսել է մտածել իրենից հեռացած աղջկա մասին, հիշել է իրենց մտերմության օրերը ու որոշել է «ցավ պատճառել նրան»: Որոշել է այրել իր կարծիքով՝ աղջկան պատկանող «Իռեն» գեղեցկության սրահը:

Որոշել ու անմիջապես քայլեր է ձեռնարկել որոշումն իրականացնելու համար: Գիշերվա ժամը 3 -ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տատիկի տանից, գնացել է նկուղ, վերցրել է բենզինով լի պլաստիկե տարան, դրել է տոպրակի մեջ, դուրս է եկել փողոց ու պատահական տաքսիով մեկնել է Ավան: Գեղեցկության սրահին չհասած՝ պահանջել է, որ տաքսին կանգնի: Վերցրել է իր տոպրակը՝ բենզինով տարան մեջը, վարորդին պատվիրել է սպասել, իսկ ինքը գնացել է դեպի գեղեցկության սրահ: Սրահին հասնելով՝ գետնից մի քար է վերցրել, հարվածել ու ջարդել է գեղեցկության սրահի պատուհանի ապակին, ապա կրակայրիչով այրել է բենզինով լի տարան ու այն պատուհանից նետել է սրահի ներսը: Սրահը սկսել է այրվել: Նետելու ընթացքում բենզին է լցվել իր աջ ձեռքին, այրվել են իր բաճկոնի թևքը ու աջ ձեռքի դաստակը:

Սրահը հրկիզելուց հետո ինքը վազելով գնացել, նստել է իրեն սպասող տաքսին ու վերադարձել է Երրորդ մաս՝ տատիկի տուն:

Երեք օր հետո՝ հունվարի 20-ին ինքը կամովին ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել է, որ ինքն է հրկիզել գեղեցկության սրահը:

Ինքը դեպքից հետո է իմացել, որ ծանոթ աղջիկը խաբել էր՝ գեղեցկության սրահը նրան չէր պատկանում, այլ ուրիշ կնոջ: Ինքը հանդիպել է սրահի իրական տիրոջը, տեղեկացրել է, որ «թյուրիմացություն է տեղի ունեցել», և փոխհատուցել է պատճառած ամբողջ վնասը: Զղջացել է կատարածի համար…

Հրկիզված գեղեցկության սրահի իրական տիրուհին՝ գործով տուժողը, հայտնել է, որ դեպքի երեկոյան սրահի աշխատողները ռեստորանում նշել են իրենց գործընկերուհու ծննդյան օրը, ինքը տուն է վերադարձել կեսգիշերից հետո ու քնել է: Գիշերվա ժամը 4-ն անց 5րոպեին իր հեռախոսին զանգ է եկել գեղեցկության սրահի հակաառևանգման համակարգի միանալու պատճառով: Արթնացրել է ամուսնուն, գնացել են սրահի մոտ, տեսել են, որ պատուհանը ջարդված է, սրահը՝ հրդեհված: Հրդեհը մարվել է հրշեջ ծառայության կողմից: Դեպքից հետո սրահ է եկել մի տղամարդ՝ Վահե անունով, ասել է, թե ինքն է այրել սրահը՝ սխալմամբ մտածելով, թե այն պատկանում է նախկին ընկերուհուն, բայց իմանալով, որ սրահը նրանը չէր, զղջացել է: Այդ տղամարդը լրիվ փոխհատուցել է պատճառած վնասը, ինքը բողոք կամ պահանջ չունի:

Դատարանը Վահե Բ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ մասերով, դատապարտել է 1 տարի ազատազրկման, կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է փորձաշրջան 1տարի ժամկետով:

Վահե Բ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի  562 հազար 400 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Սննդաբանները հայտնաբերել են միայնակ ուտելու զարմանալի առանձնահատկությունը

Gevorg Kazaryan

Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

«Հերս չի հասցնում անասուններին գոմը տանի, տենց ուզեցի ավտոյով հասնեմ օգնեմ»․ հակառակորդի կրակահերթից վնասվել է Այգեպարի բնակչի մեքենան (Տեսանյութ)

Irina Abovyan

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Արցախ մեկնել էինք 220 ազատամարտիկներով, ունեցանք 3 զոհ, 7 վիրավոր, 2 անհետ կորած․ Ռուբեն Գևորգյան

Irina Abovyan

Կենդանակերպի նշաններ, ովքեր լավագույն եղբայրներ ու քույրեր են

Irina Abovyan