Հասարակություն

28-ամյա հովիվը իր կնոջը «քրֆելու» համար «Գելերի բուն» արոտավայրում դանակահարել է համագյուղացուն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Սանյա Բ.-ի գործի դատական քննությունը:

28-ամյա Սանյա Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի օգոստոսի 29-ի առավոտյան՝  ժամը 10-ն անց 20-ի սահմաններում,  Սանյա Բ.-ն Ավետիք Մ.-ի կողմից իր կնոջը հայհոյելու պատճառով ցանկացել է պատժել նրան՝ իր մոտ եղած դանակով  հարվածել է Ավետիք Մ.-ի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող վնասվածքի, ճարպոնի ազատ եզրի արտանկման, բարակ աղու գալարների միջանցիկ վնասման, հետորովայնամզային տարածության վնասման ձևով:

Ըստ դատական ակտի՝ 2019 թվականի  օգոստոսի 9-ից Սանյա Բ.-ն կնոջ հետ որպես հովիվ աշխատանքի է անցել Կոտայքի մարզում: Ամեն օր կնոջ հետ նա գործատուի խոշոր եղջրավոր անասունները տարել է արոտ Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկը:

Նույն արոտավայրում անասունները պահում էր նաև տվյալ համայնքի բնակիչ Ավետիք Մ.-ն: Վերջինս, ելնելով այն հանգամանքից, որ արոտավայրում խոտի քանակությունը քիչ էր, Սանյա Բ.-ին առաջարկել է անասունները տանել մեկ ուրիշ արոտավայր, որ իրար չխանգարեն:

Տվյալ խոսակցությունից մի քանի օր հետո՝ օգոստոսի 29-ին, Սանյայի կինը գործատուի անասունները տարել է  «Գելերի բուն» կոչվող դաշտային տարածք, որտեղ այդ ժամանակ իր անասուններն էր պահում Ավետիք Մ.-ն: Վերջինս տեսնելով Սանյայի կնոջը՝  պահանջել է, որ նա անասունները հեռացնի այդ արոտավայրից, բայց կինը հրաժարվել է կատարել այդ պահանջը:

Ավետիքը հայհոյել է իր պահանջը չկատարող կնոջ հասցեին:

Կինը այդ մասին տեղեկացրել է ամուսնուն՝ Սանյային:

Սանյա Բ.-ն ժամը 10-ն անց 20-ի սահմաններում եկել է «Գելերի բուն» արոտավայր և Ավետիքից պարզաբանում է պահանջել կնոջը հայհոյելու համար:

Խոսակցության ընթացքում Ավետիքը մեկ անգամ էլ է կրկնել Սանյայի կնոջ, ընդ որում՝ երեք մանկահասակ երեխաների մոր հասցեին հնչեցրած հայհոյանքը:

Սանյան այդ հայհոյանքի համար Ավետիքին պատժելու նպատակով իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի առաջնային մակերեսին ու նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս…

Դանակով հարվածելուց հետո Սանյա Բ.-ն դեպքի վայր արոտավայրից  դիմել է փախուստի…

Նույն օրը նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել է:

Դատարանում Սանյա Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, զղջացել է:

Տուժողը նշել է, թե ամբաստանյալի դեմ բողոք չունի, բայց պահանջում է, որ իր ներկայացրած քաղհայցը՝ բուժման ծախսերի հատուցման պահանջով,  ամբողջությամբ բավարարվի:

Դատարանը հաշվի է առել, որ Սանյա Բ.-ի խնամքին են երեք անչափահաս երեխաները, մեկը՝ 2 տարեկան, մյուս 2-ը դեպքի պահին եղել են 4 ամսական…

Դատարանը որպես Սանյա Բ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունն ու հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցավոր արարքի կատարումը:

Դատարանը հաշվի է առել, որ Սանյա Բ.-ի ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է, նա ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, լիովին ընդունել է մեղքը, զղջացել է, ընդունել է տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը, բայց ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա վերականգնել պատճառած նյութական վնասը՝ տուժողի բուժման ծախսերը:

Դատարանը հաշվի է առել նաև Սանյա Բ.-ի հայտարարությունը՝ նա հայտնել է, որ ընտանիքում սպասում են 4-րդ երեխայի ծնվելուն…

Դատարանը Սանյա Բ.-ին մեղավոր է ճանաչել  մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Տուժողի ներկայացրած քաղհայցը՝ 400 հազար դրամի չափով, բավարարվել է ամբողջությամբ:

Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Օմլետով ռուլետ, հաստատ չեք փորձել, հիանալի համ ունի

Irina Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 21 զինծառայող

Irina Abovyan

Արսեն Թորոսյանը հանդիպել է մի շարք ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին

Irina Abovyan

Կուշտ նախաճաշ. ինչո՞ւ է այն այդքան կարևոր

Irina Abovyan

Հայտնի է գերեվարված ևս 22 անձի տվյալ

Irina Abovyan

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

Irina Abovyan