Հասարակություն

«Կորոնավիրուսը քիչ էր, Varks.am-ին էլ գժվեցրին, գցեցին ժողովրդի ջանին». Վարկառուները՝ ամբողջ գումարը վճարել չկարողանալու մասին

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020  թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց «Վարկս Էյ  ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ)։

Այս որոշումից հետո վարկառուները սկսեցին հետաքրքրվել, թե ի՞նչ է լինելու իրենց հետ, եթե այդ կազմակերպությունում վարկ ունեն։

«Համաձայն եմ, տվել են, և պետք է հետ վերադարձվի, բայց այնքան տոկոս ենք վճարել, որ իրենց տվածից շատ ու շատ ավելի է»,- սոցիալական ցանցում գրել էր քաղաքացիներից  մեկը։

Մյուսն էլ, թե`«Կապ չունի՝ փակվում է, թե չէ, պայմանագիր եք կնքել իրենց հետ, չմուծման դեպքում իրավասու են դատի տալ և հատ առ հատ օրինական ճանապարհով վարկերը հետ վերցնել՝ նույնիսկ տույժերով։ Ոչ  ոք չի ստիպել մարդկանց վարկ վերցնել։ Յուրաքանչյուրը պատասխանատու է իր ստանձնած պարտավորության համար»։

Վարկառուներից մեկն էլ գրել էր. «Կորոնավիրուսը քիչ էր, Varks.am-ին էլ գժվեցրին, գցեցին ժողովրդի ջանին։ Հերիք չէ, չեն երկարաձգում վարկի վճարման ժամկետը, մի բան էլ պահանջում են ամբողջությամբ վճարել, եթե ոչ՝ օրը 1 տոկոս տույժ են հաշվում»։

Միհրան Հարությունյանը, ով Varks.am-ի վարկառուներից է, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վարկն այլևս չեն երկարաձգում, ու ստիպված ինքն ամբողջությամբ վճարել է։

«Ասացին՝ եթե չենք վճարում, ըստ այդմ դասակարգվում ենք, սև ցուցակ ենք ընկնում։ Հարցնում եմ՝ պայմանագիր կա՞ այն մասին, որ, եթե արտակարգ դրություն լինի, ես չեմ կարող ժամկետը երկարաձգել, ու հավելում եմ, որ քանի որ չկա՝ ես իրավունք ունեմ երկարաձգել, վարկային կազմակերպության աշխատակիցն ինձ պատասխանում է՝ ԿԲ-ն լիցենզիայից զրկել է,  ուստի պետք է վճարեք։ Սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով։ Մի խոսքով՝ մի կերպ գումարը հայթայթեցի ու տարա վճարեցի։ 500.000 դրամ վարկ ունեի, 300.000-ը տոկոսով վերցրեցի, տարա վճարեցի, մեկ օր ուշացմամբ էլ 200.000 դրամը վճարեցի»,- մանրամասնեց վարկառուն։

Հավելենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019 թ. դեկտեմբեր, 2020 թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։

Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներկայացված տեղեկությունները, գնահատելով կազմակերպության ռիսկերը՝ պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ՝ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Սա կոչվում է տեռորիզմ. ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է հայ բուժաշխատողներին

Irina Abovyan

Հայերի դեմ խմբակային հարձակումների հետագա ցանկացած փորձ դաժանորեն պատժվելու է․ Բելգիայի հայեր

Irina Abovyan

Հայ զինվորների երգը հենց սահմանից. համբերություն բոլոր զինվորների ընտանիքներին

Irina Abovyan

Ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում․ Սևանի ափերը մաքրվում են

Irina Abovyan

«Տավուշ տեքստիլ»-ի աշխատակիցներից 6-7-ը կորոնավիրուսով են վարակվել․ գործարանը փակվել է

Irina Abovyan

Ոճային ինքնամեկուսացում․ 10 հարմարավետ եւ նորաձեւ կերպարներ՝ տան համար

Irina Abovyan