Հասարակություն

Արհեստական շնչառության սարքերի վրա ենք ուզում աշխատել․ «ՕգմենթԱր» ընկերության հիմնադիր տնօրեն

Նոր կորոնավիրուսային համավարակը փոխել է Գորիսում  գործող  «ՕգմենթԱր» ընկերության ծրագրերը։

«ՕգմենթԱր»-ը, որը  եռաչափ տպիչների արտադրությամբ է զբաղվում, նոր իրավիճակի պատճառով սկսել է  արտադրել պլաստմասսե դեմքի վահաններ, պատրաստել ակնոցներ ։

«Մենք եռաչափ տպիչներ ենք արտադրում, դրանք հիմնականում կրթական նշանակության են, դրանք նախատեսված են նրա համար, որ երեխաներին մոտիվացնեն սեփականը սարքելու համար։ Սա հնարավորություն է տալիս, որ եթե երեխաներն ունենան տպիչ՝ կկարողանան իրենց համար երկրորդը ստանալ։ Այսինքն՝ կարող են տպել պրինտերի մի քանի մասը, և մնացած մասերն արդեն շուկայից ձեռք բերելով՝ կունԵնան սեփական տպիչը», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր, ընկերության հիմնադիր տնօրեն, ծրագրավորող-ինժեներ Արթուր Խոջաբաղյանը։

Նրա խոսքերով՝ պատվերներ ստացել են թե՛ դպրոցներից, թե՛ քոլեջներից, անհատներից էլ են պատվերներ ստացել։ 

Արթուր Խոջաբաղյանը համոզված է, որ այս տպիչներով հնարավոր է հեղափոխություն անել հանրային կենցաղավարության մեջ․

«Կորոնավիրուսով պայմանավորված վիճակը գալիս է ապացուցելու, որ եթե մարդիկ իրենց տանն ունենային եռաչափ տպիչներ, շատ բաներ ձեռք բերելու համար ստիպված չէին լինի տանից դուրս գալ։ Ֆայլը կարող էին ներբեռնել ինտերնետից, տպել և օգտագործել»։

Տպիչի միջոցով, ըստ նրա, հիմնվելով ֆայլով կազմված գծագրի վրա՝ հնարավոր է տպել եռաչափ առարկա, ինչպես՝ օրինակ սովորական տպիչի միջոցով տեքստը կամ նկարը տպվում է թղթի վրա․

Կորոնավիրուսային համավարակին հաջորդած որոշ ապրանքների պակասորդը Ստիպեց նոր լուծումներ փնտրել․

«Եթե չեմ սխալվում, առաջինն իտալացիների փորձն է, որ մի հատ դետալ են մոդելավորել ու տպել, որի շնորհիվ հաջողվել է մարդկային կյանքեր փրկել ճգնաժամային պայմաններում։ Եվ ամբողջ աշխարհում այս տեխնոլոգիաների կիրառելիությունը մեծ թափ առավ։ Ֆեյբուքյան էջ կա՝ «Open Source COVID19 Medical Supplies», որտեղ մարդիկ անընդհատ կիսվում են իրենց գաղափարներով․ ինչ կարելի է անել ու փորձել։ Լինելով այդ ոլորտի մարդ՝ չէինք կարող անտարբեր լինել։ Բացի այդ, մեզ հետ կապվեց Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի գիտաշխատող Սերոբ Քարամյանը և առաջարկեց ակնոցներ մոդելավորել ու տպել։ Մենք տպեցինք դա և տեղադրեցինք համացանցում, որ ուրիշներն էլ կարողանան տպել»,- շարունակեց  «ՕգմենթԱր» ընկերության հիմնադիր տնօրենը։

Երբ կարողացան ստանալ դիմավահանի լավագույն տարբերակը, իսկույն ուղարկեցին Երևան ու Արցախի Հանրապետություն, և ստացան դրական պատասխան երկու տեղերից  էլ՝ դրանց կիրառման տեսանկյունից։ 

«Հիմա սպասում ենք վերջնական պատասխանի, որ ինֆեկցիոն կետերում էլ կիրառելու հնարավորություն լինի ճգնաժամային պայմանների դեպքում, իսկ կենցաղային պայմաններում լիովին հարմար է։ Կան հիվանդանոցներ, ընկերություններ, որ կապվել են մեզ հետ՝ ցանկանալով ձեռք բերել այս դիմակներից։ Մենք դիմակի տպագրման լավագույն տարբերակի ֆայլը տեղադրել ենք համացանցում․ մենք մի քանի օր կորցրեցինք՝ հասկանալու համար, թե ամենապրակտիկը որն է»,- ընդգծեց ինժեները։

Վերջինս նշեց, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում էլ են տեղադրել և խմբակավարները, տպիչներ ունեցող աշակերտները կարող են սկսել այդ դիմակները տպել․ որոշ տեղեր տպում են, ստացվում է։ Նրա խոսքերով՝ եթե ճգնաժամային իրավիճակ ստեղծվի, հնարավոր կլինի «Արմաթ»-ի բոլոր լաբորատորիաների ռեսուրսը մոբիլիզացնել և որոշ ապրանքների դեֆիցիտի դեպքում խնդիրները լուծել։

«Այս պահին էլ աշխարհի տարբեր խմբեր, հետազոտական ինստիտուտներ  շուտով լիցենզավորված «Open Source» տեխնոլոգիաներ են հրապարակելու (որ տվյալ ապրանքը կարող է կիրառվել բժշկական նապատակներով) ու սպասում են շատ ընկերություններ՝ օրինակ «ԷյջՓի»-ին , որ այդ տեխնոլոգիաներն արագ կրկնօրինակեն իրենց երկրներում ու օգտագործեն»,-ասաց նա։

Ծրագրավորողը հավելեց, որ այսօր Գորիսում հանդիպումներ են ունեցել ընկերությունների ներկայացուցիչների, «Գորիսի գամմա» ընկերության ինժեներների, Գորիսի  Ֆրանսա-Հայկական սրտաբանական հիվանդանոցի ինժեների, Գորիսի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի հետ՝ հասկանալու համար, թե ինչի կարիք է կարող լինել ճգնաժամային իրավիճակի դեպքում։ 

«Մենք հիմա արհեստական շնչառության սարքերի մեխանիզմների վրա ենք ուզում աշխատել․ սա կոպիտ ասած «չեղածից լավ» տարբերակ է դառնում մեխանիզմների բացակայության պարագայում։ Տարբեր ընկերություններից ինժեներներ են աշխատում, Երևանում էլ է արդեն մոբիլիզացիա սկսվել․ մարդիկ ցանկանում են հասկանալ, թե ինչով կարող են օգտակար լինել»,- եզրափակեց Արթուր Խոջաբաղյանը։

Նրանք նաեւ սպասում են Առողջապահության նախարարության արձագանքին, որտեղ եւս արդեն գիտեն իրենց մասին։

Կարդացեք նաեվ

Հունաստանում կորոնավիրուսից 75–ամյա հայ է մահացել

Irina Abovyan

Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի նախկին պատգամավորի դեմ՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի.ժամանել են մարզի ոստիկանապետի պաշտոնակատարն ու տարածքի ոստիկանապետը

Irina Abovyan

42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել․ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով․ ԱՆ

Irina Abovyan

Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար տրամադրվող տրանսպորտային ծախի գումարն ավելացվեց (տեսանյութ)

Irina Abovyan

Վիճաբանություն ու դանակահարություն Կոտայքի մարզում․ կան հիվանդանոց տեղափոխվածներ, գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում և այդ վիճաբանության մեջ մեղադրում Ոստիկանության մայորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ ՀՕՊ միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ. Արցախի ՊԲ

Irina Abovyan