Հասարակություն

Խուճապ չեմ տարածում, մենք դեռ պետք է շարունակենք կանգնած լինել մեր բանակի կողքին. Գորիսի քաղաքապետ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին՝ կոչ անելով շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ «Այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը, և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։ Թասիբով գորիսեցինե՛ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»,- ասված է Առուշանյանի կոչում։

Առուշ Առուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կամավորագրումը շարունակելու վերաբերյալ կոչն իր անձնական նախաձեռնությամբ է արել, այն համաձայնեցված չէ ՊՆ-ի, կառավարության հետ։ Դրա անհրաժեշտությունն էլ պայմանավորված է ստեղծված իրավիճակով։ Առուշանյանն ասաց, որ պատերազմի առաջին օրերից դիրքերում է, մեզ հետ զրույցի պահին էլ դիրքում էր։ Ասաց, որ իր կոչը որևէ խուճապ տարածելու նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքերով՝ խուճապ բառը պետք է մեր լեքսիկոնից առհասարակ հանել։ Բայց Սյունիքի կամավորական ջոկատները սահմանները հսկում են պատերազմի առաջին օրերից, շարունակում են մինչ օրս հերթափոխով մնալ խրամատում և չեն պատրաստվում վերադառնալ, ուստի անհրաժեշտություն կա նոր կամավորների, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի շարունակել սահմանները ամուր պահել։ «Հիմա մենք սահմանում ենք, սահմանում միշտ պետք է մարդ լինի։ Մենք դեռ պետք է շարունակենք կանգնած լինել մեր բանակի կողքին։ Ես այդպես եմ հասկանում, ես այդպես եմ անում, այդպես են անում բազմաթիվ մարդիկ։ Միայն կարող եմ ասել, որ դեռ այդպես էլ պետք է շարունակենք անել։ Ով ինչ ուզում է ասել, թող ասի, բայց ոչ մի խուճապ չկա։ Խուճապը առհասարակ մոռացեք, հանեք ձեր լեքսիկոնից։ Ինչ խուճապի մասին է խոսքը»,- ասաց Առուշանյանը։

Նա ասաց, որ այն դիրքերում, որտեղ եղել են պատերազմի առաջին օրերից, դեռ այդ դիրքերում են, որևէ կրակոց, լարվածություն չկա։

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են Սյունիքի մարզում, Գորիսի համայնքապետն ասաց, որ չգիտի, թե սահմանի ճշգրտման աշխատանքներն ուր են հասել։ «Պատերազմը որտեղ կանգնել է, մենք այդտեղ էլ կանգնած ենք մինչև հիմա։ Տեղյակ եմ, որ մեր մոտ՝ Գորիսի հատվածներում, ոնց կա, այդպես էլ մնացել է։ Պատերազմը որտեղ կանգնել է, այդտեղ կանգնած ենք։ Մնացածից տեղյակ չեմ»,- ասաց նա։

Պաշտպանության նախարարությունից ու կառավարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Ցանկանում էինք պարզել՝ կամավորագրման անհրաժեշտություն այս պահի դրությամբ առկա՞ է, թե՞ ոչ, կամ որևէ լարվածություն սահմանային այդ հատվածում կա՞, թե՞ ոչ։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Անորոշությունները շատ մեծ են․ Նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը

Irina Abovyan

Խաչի տեսքով՝ ծաղկած ծառ․ բնության ստեղծած հրաշքը Դիլիջանում․ տեսանյութ

Irina Abovyan

Հայտնի են կարանտինի ընթացքում տեսողության համար ամենավնասակար միջոցները

Irina Abovyan

Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին

Irina Abovyan

Թեստ․ Ընտրե՛ք երջանիկ զույգին և իմացե՛ք ձեր մասին ավելին քան կարծում եք

Irina Abovyan