ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողների բնակվարձի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացումը վերապահել տվյալ զորամասի հրամանատարին։ Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։
Պատճառը՝ զինծառայողների դժգոհություններն են։ Ներկայումս այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է։
ՊՆ-ն նշել է՝ պրակտիկան ցույց է տալիս, որ շահառուի դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները։ Շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների: Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կընձեռի բավականին կրճատել բնակվարձի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը եւ փաստաթղթաշրջանառության ծավալները: