Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով, Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հեռավար աշխատանքային ռեժիմին անցնելու հնարավորությունը դեռևս չի դիտարկվում, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտնել երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անցած ուրբաթ Պեսկովը նշել է, որ Պուտինի մոտ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել, նա հիանալի ինքնազգացողություն ունի, ուստի կորոնավիրուսի թեստ անցկացնելու անհրաժեշտություն չկա։
стопкоронавирус.рф կայքի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 438 դեպք, որից ապաքինվել է 17 մարդ։ Վարակի հետևանքով երկրում մահվան դեպք չի գրանցվել։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: