Հասարակություն

ՀՀ հիվանդանոցներին կտրամադրվի թոքերի արհեստական շնչառության 10 սարք․ «Ավրորա»-ի հայտարարությունը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ նախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսային հիվանդության բռնկման վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին:

«Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն ավելի քան պատեհ է հատկապես 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը պանդեմիա համարելուց հետո: Եվ այսօր ավելի, քան երբեւէ մենք հաստատակամ ենք օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այլապես կարող էին անտեսված լինել կամ ամբողջովին լքված:

Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները:

«Ավրորան» շարունակելու է երկրորդ հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր արդեն իսկ բավական փորձությունների միջով են անցել: Միեւնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ  հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք:

Իբրեւ համաշխարհային շարժում՝ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը մեզ համար ծայրաստիճան լուրջ հարց է:  Այս դժվարին ու անորոշ ժամանակներում մեկ բան պարզ է. յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, եւ այդ օգնության տրամադրումը մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է։

Մարտահրավերը նետված է ամբողջ մարդկությանը, եւ մենք բոլորիդ կոչ ենք անում միանալ «Ավրորայի»՝ այն հաղթահարելու ջանքերին»:

Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ

Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ :

Կարդացեք նաեվ

Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև

Irina Abovyan

Ներքին Սասնաշենում կորոնավիուսով վարակվել է 2 ընտանիք. վարակը փոխանցվել է զոքանչից

Irina Abovyan

Ինչ է նախատեսվում ապրիլի 24-ին հայկական համայնքներում

Irina Abovyan

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին, որ այսօրվա օրով, երբ մնացածը զավզակություններով են զբաղված, կամ պանիկա տարածելուց հաճույք են ստանում, իրենք աշխատում են արտակարգ ռեժիմով ու նորից կյանքեր են փրկում։

Irina Abovyan

Ամուսնության ամսաթիվը որոշում է ընտանիքի ճակատագիրը

Irina Abovyan

Հայտնի են Մոսկվայից և Կալուգայից Երևան ու Գյումրի նախատեսված չարտերային չվերթերը

Irina Abovyan