Ըստ էության՝ իշխանությունը չունի այլ գործիքակամզ և իրենց միակ գործիքակազմը մարդկանց ճնշելը, հետապնդումների ենթարկելն է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի տան խուզարկությանը:
Նարեկ Սամսոնյանի համոզմամբ՝ այսօրվա իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի իրավապահների ցանկացած գործողություն դիտվի քաղաքական որոշում. «Ես շատ չեմ հետևել Իշխան Զաքարյանի վերջին գործունեությանը, բայց բացառված չէ, որ նրա նկատմամբ իրականացվող քայլերը կապ ունեն Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանում ակտիվացման հետ»:
Հաղորդան մյուս հյուրը՝ քաղաքագետ Արա Վարդանյանը կիսում է Նարեկ Սամսոնյանի տեսակետն ու նշում. «Այս իշխանությունը քաղաքական օրակարգում երկու գիծ է առաջ քաշում՝ իրենց ընտանեկան նկրտումներն ու մարդկանց աղմկահարույց ձևով բերման ենթարկելն ու քաղաքական գործեր կարելը»:
Արա Վարդանյանը համոզված է, որ Իշխան Զաքարյանի նկատմամբ իրականացվող քայլերն ուղղված են Գագիկ Ծառուկյանի դեմ. «Ցավոք՝ այս պայքարում տուժողը լինելու է ժողովուրդը, քան կոնկրետ անձը:
Ամենաթարմ օրինակը՝ «Շանգրիլա» հյուրանոց-խաղատան փակումն էր, որից Ծառուկյանը ֆինանսապես տուժեց, բայց տուժեցին նաև այնտեղ աշխատողները»:
Ըստ Արա Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավիրում է ՀՀ տնտեսությունը. «Ամեն օր ստեր փչելով՝ իշխանությունը փորձում է կերակրել ժողովրդին: Այո՛, մենք ունենք նաև «բուժման դեպքեր», երբ ժողովրդի մի մասը բացում է իր սառնարանն ու հասկանում, որ այն դատարկ է»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ու վախեր այսօր ունի՞, Նարեկ Սամսոնյանը պատասխանել է. «Փաշինյանը շատ լավ գիտի, որ ժողովրդի շրջանում դժգոհություն է կուտակվում: Հիմա նա փորձում է բողոքի բոլոր օջախների վրա ունենալ լծակներ՝ լինելով մտահոգ»: