Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սարո Գ-ն իր վարած BMW մակնիշի 36 ՏZ 595 համարանիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեևելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից դեպքի վայր են ժամանել ավագ տեսուչ Դավիթ Երզնկյանն ու տեսուչ Արսեն Հակոբյանը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին երկար ժամանակ թափված ավազն ու շիբինը, քանի որ նշված հատվածում ամիսներ առաջ «Վեոլիա Ջրի» անգործության հետևանքով կոյուղաջրերի արտահոսք էր սկսվել և միայն ԶԼՄ-ներում խնդիրը բարձրաձայնելուց հետո «Վեոլիա Ջուրը» վերացրեց թերությունը, սակայն կամ «Վեոլիա Ջուրը» կամ վարչական շրջանի պատասխանատուները «լայեղ չեն արել» ավազն ու քարերը մաքրեն, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Տեղում վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/19/1150212/
