Հասարակություն

Ահագնացող թվեր. Կորոնավիրուսով վարակված բոլոր մարզիկները՝ այսօրվա դրությամբ

Կորոնավիրուսով վարակված մարզիկների թիվն օր օրի շարունակում է աճել։ Նշենք, որ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից գրեթե բոլոր մրցաշարերը հետաձգվել են։ Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Եվրո-2020-ը, Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները։

Կորոնավիրուսով վարակված մարզիկների շարքում մեծ թիվ են կազմում ֆուտբոլիստները, որոնք հիմնականում Իտալիայից են։ Երեկ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսի» ևս մեկ ֆուտբոլիստ է կորոնավիրուսով վարակվել: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մասնավորապես, «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդինի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նա մարտի 11-ից ինքնամեկուսացվել էր: Նախորդ շաբաթ կորոնավիրուսով էր վարակվել թուրինյան ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանիին: Բժիշկները վիրուսի նախանշաններ հայտնաբերել են նաև «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվողներ Պաուլո Դիբալայի և Գոնսալո Իգուաինի մոտ, որոնց հետազոտության պատասխանը հայտնի կդառնա ավելի ուշ: Օրեր առաջ «Յուվենտուսի» 121 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները տեղափոխվել էին կարանտին, որտեղ կստուգվի նրանց մոտ վիրուսի առկայությունը:

Իրավիճակը հատկապես ծանր է իտալական մեկ այլ հայտնի ակումբում՝ «Սամպդորիայում»։ Վերջինիս միանգամից 7 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանք են՝ Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո Լա Գուինան, Ֆաբիո Դեպաոլին և Բարտոշ Բերեշինսկին։ Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև «Վերոնայի» ներկայացուցիչ Մաթիա Դականիի, ինչպես նաև «Ֆիորենտինայում» ելույթ ունեցող Դուշան Վլախովիչի մոտ։ Ավելի վաղը Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը ևս դրական էր եղել: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել էին Արտետայի հետ, մեկուսացվել էին:

Կորոնավիրոսի դեպք է արձանագրվել նաև Լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Չելսիում»։ Մասնավորապես, վարակվել է այս թիմի խաղացող Քալում Հոդսոն-Օդոյին։ «Չելսիի» ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը գտնվում են կարանտինի մեջ։ Իսպանիայում այս պահի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների 4 դեպք, որոնցից 3-ը՝ «Վալենսիա» ակումբում։ Կորոնավիրուսով են վարակված այս թիմի խաղացողներ Էսեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալան և Խոսե Գարայը։ Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ հավանականությունը մեծ է, որ «Վալենսիայում» վարակված ֆուտբոլիստների թիվը կտրուկ կաճի։ Իսպանիայում կորոնավիրուսով վարակված 4-րդ ֆուտբոլիստը «Էլչեյի» ներկայացուցիչ Ջոնաթասն է։

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների մեկական դեպք է արձանագրվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Մասնավորապես կորոնավիրուսի թեստը դրական է եղել «Նյուրնբերգի» խաղացող Ֆաբիան Նյուրնբերգերի և «Թրուայի» ներկայացուցիչ Սուկ Խյուն-Ջունի մոտ։

Կորոնավիրուսով վարակվածների քանակով երկրորդ հորիզոնականում բասկետբոլն է։ Այս պահին, ըստ պաշտոնական աղբյուրների, կան կորոնավիրուսով վարակված 5 բասկետբոլիստներ, որոնցից 4-ը ներկայացնում են NBA-ն։ Նրանք են՝ «Բրուկլին Նեթսի» ներկայաուցիչ Քևին Դյուրանտը, Ռուդի Հոբերը՝ «Յուտայից», այս թիմի ևս մեկ խաղացող Դոնովան Միտչելը, Քրիստիան Բուդը՝ «Դետրոյտ Փիսթոնից», և Մադրիդի «Ռեալում» ելույթ ունեցող Թրեյ Թոմպկինսը։

Կորոնավիրուսի 4 դեպք է արձանագրվել հեծանվասպորտում։ Մասնավորապես, վարակվածներն են՝ Ֆերնանդո Գավիրիան, Իգոր Բոևը, Իմեիրո Չիման և Դմիտրի Ստրախովը։ Տափօղակով հոկեյում արձանագրվել է կորոնավիրուսի միայն մեկ դեպք։ Մասնավորապես, վարակվել է «Օտավվա Սենատրիուսի» խաղացողներից մեկը։ Նրա անունը, սակայն, գաղտնի է պահվում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված մարզիկներ չկան։ Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը առցանց եղանակով քննարկում էր ունեցել ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ։ Հանդիպումից հետո Մելիքբեկյանն իր հերթին առցանց կապ էր հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել էր, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:

ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլ նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները:

Կարդացեք նաեվ

Սառը ջուրը ընդդեմ գոլ ջրի. Նրանցից մեկ վնասում է Ձեր օրգանիզմը

Irina Abovyan

Սոթքի հանքի տարածքում աշխատում է ադրբեջանական տեխնիկան. Տեսանյութ

Irina Abovyan

ԽԱՂԱՂ ԳԻՇԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Irina Abovyan

«Ինչպե՞ս կարող են նրանք շարունակել այդ ժխտողականությունը». «Ազնավուր» հիմնադրամը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է մեծն շանսոնյեի խոսքերով

Irina Abovyan

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը

Irina Abovyan

Ստեփանակերտում ավելի քան մեկ ժամ է՝ կրակահերթեր են հնչում. Տեսանյութ

Irina Abovyan