Հասարակություն

Կորոնավիրուսի առաջին բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նկատելի կլինի արդեն ապրիլի վերջին. տնտեսական ակտիվությունը կնվազի

«Կորոնավիրուսի առաջին բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նկատելի կլինի արդեն ապրիլի վերջին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ առաջին ազդեցությունը լինելու է փոքր ու միջին բիզնեսի վրա, քանի որ ՓՄՁ-ն  երկու տեսանկյունից է գտնվում հարվածի տակ։ Առաջին պատճառն այն է, որ տուրիստների հոսքը Հայաստան կտրուկ կնվազի, իսկ ՓՄՁ-ին  խթանողը հենց տուրիստներն էին: «Տուրիստները հուշանվերների, տնայնագործական իրերի, պահածոների և այլ կատեգորիայի արտադրանքների սպառող էին, քանի որ դա շատ գրավում է նրանց։ Տուրիստները շատ սիրում են ձեռքի աշխատանք, չրեր, թեյեր, հյուրատներ էին այցելում։ Այսինքն՝ առաջինը տուրիստների հոսքի նվազմամբ արդեն փոքր ու միջին բիզնեսը կկրի առաջին հարվածը»,- ասաց Մակարյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Մակարյանի, որը կազդի ՓՄՁ-ի վատանալու վրա, այն է, որ նրանց մեծ մասը գտնվում է առևտրի մեջ, իսկ առևտրի ոլորտում նրանք հիմնականում վաճառում են Չինաստանից, Իրանից, Թուրքիայից բերած ապրանքներ։ Այս երկրների ցանկում Իրանն ու Չինաստանը շատ կարևոր են՝ որպես էժան ապրանքներ մատակարարող երկրներ, իսկ այդ ապրանքները հիմնականում վաճառվում են տոնավաճառներում, փոքր խանութներում։ Եվ հիմա էականորեն կտուժեն առևտրականները, քանի որ ապրանք որոշակի ժամանակ չի ներմուծվի ո՛չ Չինաստանից, ո՛չ Իրանից, քանի որ  կա նախ՝ վախ և հետո՝ լոգիստիկ հնարավորություններ։

ՓՄՁ-ի վրա ազդող երրորդ պատճառը, տնտեսագետի խոսքով, այն է, որ քաղաքացիների մեծ մասը ներկայումս իր միջոցները ծախսում է սննդի և որոշակի պաշտպանողական միջոցների վրա և այլ շռայլություններ թույլ չի տալիս։ Մարդիկ կենտրոնացել են միայն կենցաղի վրա։ Իսկ հայտնի է, որ ՓՄՁ-ները Հայաստանում կազմում են ակտիվ ձեռնարկությունների  70 տոկոսը։ Այսինքն՝ ձեռնարկությունների աշխատանքը անմիջական կապ ունի ընտանիքների եկամուտների հետ։ Այն մարդիկ, ովքեր  ներառված են փոքր ու միջին  բիզնեսում և չեն աշխատում, նշանակում է, որ այդ ընտանիքները ևս եկամուտներ չունեն. «Այդ բիզնեսից են ռեստորանները, հյուրանոցները, հյուրատները, սննդի կետերը։ Բացի դրանից, շատերը Հայաստանում իրենց բնակարանները վաճառել էին, մի  քանի փոքր բնակարաններ էին գնել և վարձով էին տվել։ Շատերի համար ապրուստի միջոցը վարձով տրված իրենց բնակարաններն էին։ Հիմա քանի որ տուրիստները այդքան չեն գա Հայաստան, բնակարանների վարձակալություն տեղի չի ունենա, և այդ մարդիկ եկամուտ չեն ունենա, ու նրանց վիճակը կբարդանա»։

Չորրորդ պատճառը, ըստ մեր զրուցակցի, կապված է աշխատանքային միգրացիայի հետ, քանի որ ներկայումս գարուն է, և աշխատանքային միգրանտները պետք է մեկնեին արտերկիր՝ աշխատելու։ Իսկ հիմա այդ մարդիկ չեն կարողանա մեկնել, քանի որ նախ՝ այդ երկրների սահմանները փակ են, վիզաների ռեժիմն է փոխվել որոշ երկրներում, և բազմաթիվ այլ խոչընդոտներ կան, որի հետևանքով հատկապես Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ մեկնողները կմնան Հայաստանում, ըստ էության, գործազուրկի կարգավիճակում: «Այդ մարդիկ չեն գնալու, հետևաբար տրանսֆերտներ չեն ուղարկելու, որը կազդի նաև ՀՆԱ-ի վրա, ՀՆԱ-ի աճը որոշակիորեն կնվազի այդ պատճառով։ Բացի դրանից,  մարդիկ եկամուտների խնդիր են ունենալու, և արհեստականորեն գործազրկությունը կավելանա։ Կավելանա նաև աղքատությունը»,- ասաց Մակարյանը։

Հաջորդ բացասական ազդեցությունը կլինի այն, որ ընդհանրապես տնտեսական ակտիվությունը կնվազի, որովհետև  տարբեր ոլորտներ՝ լինի կարի, մեքենաշինության, թե շինարարության ոլորտները, կկանգնեն, քանի որ մարդիկ աշխատանքի չեն գնում, իսկ դա կազդի տնտեսական ակտիվության վրա։ Այս ամենից զատ, կարող է առաջանալ նաև աշխատուժի որակի խնդիր, քանի որ եթե հիվանդների թիվը մեծանա, կմեծանա նաև նրանց  հետ շփում ունեցած անձանց շրջանակը, որոնք կմեկուսացվեն, և արդյունքում աշխատողների դեֆիցիտ կառաջանա, ինչպես նաև աշխատուժի որակի խնդիր առաջ կգա:

Ստեղծված իրավիճակում, տնտեսագետի խոսքով, կառավարությունը կարող է մի շարք քայլեր ձեռնարկել, մի շարք լուծումներ գտնել, որոնցից կարող է լինել մի քանի ոլորտներում մասնավորի հետ համատեղ արտադրությանը մասնակցելը, համագործակցելը։ Այսինքն՝ այնպիսի ապրանքների արտադրություն դնի,  որոնց կարիքը հիմա կա՝ իրավիճակով պայմանավորված։ Դրանով պետությունը կարող  է խթանել ներքին արտադրությունը։ Պետությունը կարող է նաև հարկային արձակուրդ հայտարարել, հետաձգել վարկերի մարումը, չկիրառել տույժուտուգանքներ։

Քայլերից  մեկն էլ կարող է լինել գնումների ծավալի ավելացումը արհեստականորեն, կրկնապատկել 2020 թվականի գնումների ծավալը, որով պետությունը կխթանի շատ հիմնարկների աշխատանք։ «Պետությունը կարող է շատ արագ շինարարության ծավալները ավելացնել, ճանապարհաշինությունը ավելացնել։ Բնակարանաշինություն սկսել, խթանել անձեռոցիկների, դիմակների, լվացող լուծույթների, սննդի ինչ-որ տեսակների արտադրությունը։ Պետությունը պարզապես պետք է բիզնեսին մոտիվացնի, հայտարարի, որ  բիզնեսի հետ համագործակցում է, թույլտվություններ տրամադրի արագ, կրճատի բյուրոկրատիան։ Սրանք քայլեր են, որոնք պետք է արագ ձեռնարկել։ Պետք է արագ տուրիզմին փոխարինող  այլ՝ եկամտաբեր բիզնեսներ մտածել։ Օրինակ՝ այս տարի մարդիկ չեն գնալու այլ երկրներ հանգստանալու, և պետությունը կարող է մի քիչ սուբսիդավորելով մասնավորին՝ օգնել, որ իր երկրի քաղաքացիները մնան իրենց երկրում, այստեղ գումար ծախսեն, ու բիզնեսը չսկի, քանի որ եթե բիզնեսը սկում է, մինչև նորից թափ վերցնելը շատ է տուժում»,- եզրափակեց Մակարյանը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Երևանի ավտոբուսները կտեղափոխեն բուժհաստատությունների աշխատակիցների

Irina Abovyan

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

Irina Abovyan

Ինչպես են ԲՀԿ-ականները Ծառուկյանի հետ նշում դատարանի որոշումը (Տեսանյութ)

Irina Abovyan

«Եթե հիմար լինենք՝ կմեռնենք․․․». քաղաքացիները կողմ են պարտադիր դիմակ կրելուն, բայց ոչ արտակարգ դրության երկարաձգմանը

Irina Abovyan

Ընտրեք փոքրիկ հրեշտակներից մեկը և տեսեք թե ինչ է նա ձեզ փոխանցում

Irina Abovyan

Լոս Անջելոսում զինվորի համար երգեց Արմենչիկը, իսկ ամերիկահայերը հեռախոսներով լուսավորեցին ամբողջ քաղաքը

Irina Abovyan