Միջազգային

Բաքվի միջուկային վախերը 1921թ. դրամատիկ ֆոնին

Սմերչ եւ Տոչկա-Ու համակարգերը Նուբարաշենի ռազմակայանում   | ՀՀ ՊՆ

Բաքուն մեծ թափ հաղորդեց օգոստոս 12-ին կայացած Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցի թմբկահարմանը: Ի տարբերություն Մոսկվայի, Բաքուն հրապարակել է մանրամասներ Հայաստանին ռուսական սպառազինություն մատակարարելու առթիվ դժգոհության մասին: Միեւնույն անցքը տարբեր ոգով լուսաբանելը արդեն իսկ վկայում է Մոսկվա-Բաքու հարաբերության մեջ լուրջ խաթարման մասին: Որքանով հիմնավոր են Բաքվի վախերը

Նման դրվագ, ճիշտ է ընդամենը ԱԳՆ նոտայի մակարդակով մեկ անգամ արդեն պատահել է: 2016թ. փետրվարի 24-ին Բաքուն դժգոհել էր, մասնավորապես, Հայաստանին Սոլնցեպյոկ հրանետների եւ Ավտոբազա ռադիոհետախուզական կայանքների դեռեւս չկայացած մատակարարումներից: Սա այն դեպքում, երբ Բաքուն այդ պահին արդեն ստացել էր այդ սպառազինության մեծ խմբաքանակներ: Նոտան ՌԴ դեսպան Դորոխինին փոխանցվեց ապրիլյան պատերազմից օրեր առաջ: Ինչ եղավ հետո՝ բոլորս գիտենք

Ամենայն հավանականությամբ, բացի քարոզչական կանխաքայլի վարկածից, նոտայի համար կային եւս երկու շաղկապված առիթներ: Առաջինը՝ Բաքվի ռեժիմի պարագլխի անվստահությունն էր սեփական հետախուզական ու դիվանագիտական ծառայությունների հանդեպ եւ նա ստիպված էր անձնական հետախուզում ձեռնարկել: Երկրորդը՝ երկրի ռազմա-քաղաքական ոլորտի հանդեպ վերահսկողության իրական կամ կարծեցյալ թուլությունն էր: Խոսքը այնպիսի մի իրավիճակի մասին է, երբ ճակատային համազորային օպերացիան կարող էր իրականացվել առանց երկրի առաջին դեմքի իմացության:

Իրականում, թե Բաքվի, թե Երեւանի պարագային արտառոց որեւէ բան չկար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինքն էր խոստովանել, որ Ապրիլյանի ավարտի, այն է՝ հրադադարի կայացման հանգամանքներին ծանոթ չէ: Սեփական անվստահության շարժառիթի օգտին է խոսում նաեւ արդեն 2020-ի թովուզյան բախումից հետո դիվանագիտական կորպուսի ջարդը Բաքվում:

Եւս մեկ երանգ, որ 2016-ը կապում է մեր օրերին: Բանն այն է, որ սպառազինություն մատակարարելիս, մանավանդ եթե խոսքը հարձակողականի մասին է, գոյություն ունի վերջին հասցեատիրոջ հասկացությունը, որը սահմանափակում է ստացած զինատեսակի հետագա տարածումը եւ մարտական տեղակայման աշխարհագրությունը: Փոխադարձ համաձայնությամբ, գործարքի կողմերը կարող են կրակի հեռահար միջոցների համար սահմանափակել նաեւ հավանական թիրախների ցանկը:

Օրինակ, Հայաստանին տրամադրված Իսկանդեր-Է մակնիշի հրթիռակայանների համար կարող է տեխնիկապես, ավելի ստույգ՝ ծրագրային մակարդակով, սահմանափակված լինի թիրախավորումը թուրքական կամ Բաքվին ենթակա ինչ-ինչ օբյեկտների նկատմամբ: Նախագահի մակարդակով Բաքվի դիմումը կարող էր բացի նոր սպառազինության ծավալների մասին արդեն տեղյակ լինելու ակնարկից ներկայացնել նաեւ հին երաշխիքների «թարմացման» պահանջ:

Սա ամենեւին բացառված չէ, քանի որ ի պատասխան 1920-ից գրավյալ Նախիջեւանում, ինչպես նաեւ Բաքվին ենթակա այլ տարածքներում Թուրքիայի ռազմաքաղաքական բուռն աշխուժությանը, ՀՀ ՊՆ հուլիս 31-ին բարձր պատրաստականության վիճակի բերեց առաջին շարակարգի զորամիավորումները:

Բաքվին կարող է մտահոգել մայրաքաղաքի եւ երկրի հյուսիս-արեւմուտքի օբյեկտների թիրախավորման արբանյակային տվյալների տրամադրումը Երեւանին: Մտահոգիչ կարող է դառնալ նաեւ Սմերչ համակարգերի համալրումը կառավարելի հրթիռներով: Առավել վտանգավոր է Իսկանդերների կիսաբալիստիկ զինանոցի համալրումը արդեն թեւավոր, այսինքն 6-7 մետր բարձրությամբ թռչող «K» մակնիշի հրթիռներով: Կան նաեւ մարտագլխիկների տարբեր տեսակներ, որոնք նախկինում հավանաբար չեն մատակարարվել Հայաստան:

Միջուկային հատուկ՝ «ադրբեջանական» վախեր

Իսկանդերների հնարավորությունների ընդլայնման հավանականությունից բացի կան նաեւ Երեւանը Նախիջեվանից թիրախավորող թուրքական Kasirga կառավարելի հրթիռների, իսրայելյան Lora բալիստիկ համակարգերի, ԱԹՍ-ների եւ այլ միջոցների դեմն առնելու ՀՕՊ կարիքներ: Սակայն Բաքվի վախերը ուրիշ են:

Ահեղ Իսկանդերների (դրանք մարտական պայմաններում կիրառվել են Սիրիայում [Ս.Շոյգու, 1]) մարտագլխիկների հավանական տեսականին ներառում է մարդուժի զանգվածային ոչնչացման եւ բետոնակուռ պաշտպանության հաղթահարման սովորական՝ պարզ տրոտիլով լցրած միջոցներ: Բաքվի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, սակայն, ավելի հեռուն է նայում: Դեռեւս կոմերիտական մարտերում թրծված այս գործիչը չի բացառում, որ նախագահ Պուտինի հետ զրույցում իրենց ռեժիմի պարագլխի հիշատակած 400 տոննա սպառազինության մեջ կա նաեւ միջուկային ռազմամթերք [Պրեսսկլուբ, 2]:

Մուսաբեկով. «Ավելին, մենք ոչինչ չգիտենք այն ապրանքների բովանդակության մասին, որոնք տեղափոխվել են Հայաստան: Իսկ եթե այնտեղ կան կոմպակտ միջուկային մարտագլխիկնե՞ր»:

Արդյոք հիմնավոր են այս կասկածները: Հիմքեր, անշուշտ, կան: Եթե խոսքը վերաբերում է Թուրքիա-Հայաստան լուրջ դիմակայությանը, ապա պետք է քաջ գիտակցել հետեւյալը: Դեռեւս 1919-ին, շեշտենք՝ 1919 թվականին Ռուսաստանյան, այն ժամանակ սովետական սոցիալիստական Դաշնության եւ դեռեւս նոր-նոր ձեւավորվող Քեմալական շարժման միջեւ հաստատագրված համաձայնությամբ ծրագրված էր Առաջավոր Ասիայից լրիվ, իսկ Անդրկովկասից զգալի չափով արմատախիլ անել թե Հայաստան պետության գաղափարը, թե հայ ժողովրդին առհասարակ: 1920-ի Սան-Ռեմոն եւ Սեւրը միայն խթանեցին «ցեղասպան եղբայրությունը»:

Վլադիմիր Լենինի եւ Լեվ Տրոցկու նախաձեռնած ցեղասպան ծրագիրը, որը իրականացվեց 1919-1923 թվականներին զանգվածային սպանությունների եւ բռնի տարագրման եղանակով, կրճատեց առանց այդ էլ սակավացած հայրենաբնակ հայերի քանակը եւս 30-40 տոկոսով եւ առաջացրեց ազգային անվանական իրավասության տակ մնացող աշխարհագրական այնպիսի «մեկը՝ տասին» կոնֆիգուրացիա, որը սկզբունքորեն անհնար էր պաշտպանել, առանց մնացած բնակչության գրեթե լիակատար ոչնչացման:

Այս վիճակը առկա էր եւ 1941-1945 թվականներին, կար տագնապալի 1960 ականներին եւ տեւեց մինչեւ 1991-ը: Սովետական պաշտպանական դոկտրինը ՆԱՏՕ-ի գրոհի դեպքում ենթադրում էր միջուկային տակտիկական հրթիռային եւ հրանոթային զենքի կիրառումով ընդամենը 48 ժամյա դիմադրություն իրականացնել եւ հեռանալ ռադիոակտիվ անապատի վերածված Հայաստանից: Ի դեպ, ՆԱՏՕ դոկտրինը նույն բովանդակությունն ուներ հակառակ՝ Վարշավայի պակտի հարձակման պարագային: Տարբերությունն այն էր, որ միջուկային անապատի էր վերածվելու արդեն Արեւմտյան Հայաստանը:

Էքզիստենցիալ՝ գոյության հիմքերին սպառնացող վտանգը առկա է նաեւ հիմա: Կարսի պայմանագրի թե տառին, թե ոգուն դեմ, 1991-ին Նախիջեւանը անկախ Ադրբեջանի Հանրապետության մաս ճանաչելու հետեւանքով, դրությունը ավելի ծանր է դարձել: Հետեւապես, սպառազինության գերարդիական, հնարավոր է նաեւ միջուկային որակը Հայաստանի համար հրամայական է: Գիտե՞ն սրա մասին Բաքվում:

Անշուշտ, տեղյակ են: Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Բաքվի սպառնալիքը այլ բան չէ, քան միանգամայն արդարացված իրենց «փորհարությունը» թաքցնելու անվարժ փորձ:

Կասպից Արեւմուտքում տեր-տիրական ռեժիմի պարագլուխները ատոմակայանին սպառնացող իսրայելյան արտադրության LORA 300 կմ հեռահարությամբ բալիստիկ համակարգերի ֆոնին

Կարդացեք նաեվ

Ժնևն Ալիևների կլանի դեմ պատժամիջոցների պահանջով է դիմավորում Ադրբեջանի ԱԳ նախարարին

Irina Abovyan

ԱՄՆ-ում միսը դարձել է էլիտար մթերք. Bloomberg

Irina Abovyan

Մակրոնը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Irina Abovyan

Ճապոնացի նահանգապետին Պուտինի նվիրած կատուն կարանտինային ռեժիմում է պահվում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Irina Abovyan

Բրիտանացին գտել է հին նամակ՝ ապագայի ճշգրիտ կանխատեսումներով

Irina Abovyan

Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիեւի հետ

Irina Abovyan