Քաղաքականություն

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի Արցախի նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը. Ռուբեն Վարդանյան

Եթե  Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը,  այն է՝ Արցախի զարգացմանը,  եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա եւ կամրանա։

Այս մասին հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:

«Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել եւ զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով եւ կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։  Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետեւում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում  առաջադեմ մոտեցումների վրա եւ ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում։   Հավատացեք, շատ չեն նման գործիչները՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում։

Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարեւոր  հատկանիշ․ առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման  լայն շրջանակ,  իսկ երկրորդը՝  նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է։ Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել  եւ ասել, որ  պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարեւոր հատկանիշ է, առավել եւս՝ պետական  պաշտոնյայի համար։

Մոտ 20 տարի է, որ մենք իրականացնում ենք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի ծրագրերը, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը,  եւ Արցախը շատ մեծ դերակատարում ունի դրանցում, քանի որ, առանց չափազանցության, Արցախի զարգացումը,  հաջողությունը, ժողովրդի երջանկությունը  ամենակարեւոր հարցն է: Թող չնեղանան ո՛չ սփյուռքահայությունը  եւ ոչ էլ հայաստանաբնակ մեր հայրնակիցները, ես այդպես եմ կարծում, որովհետեւ, ճիշտ է, Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաեւ խաղաղ  պայմաններում․ մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն  իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ եւ երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի։

Անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. նախատեսում ենք նաեւ նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը,  քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաեւ լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար:

Մենք համատեղ հետաքրքիր ծրագրեր ունենք նաեւ էկոտուրիզմի հետ կապված, որոնք հիմնված են իրականացված ուսումնասիրությունների վրա: Դրանց մեկնարկը պետք է տայինք 2016թ․, սակայն, ցավոք,  ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի դադարեցվի այդ ծրագրերի մի մասի իրականացումը, քանի որ այդ ժամանակ մեր օգնության կարիքն  ավելի շատ կար տեխնոլոգիաների եւ, ընդհանուր առմամբ, անվտանգության համակարգում: Բայց հուսով եմ, որ ամեն բան կարգավորվելու է, եւ մենք մեր ծրագրերը, անպայման կյանքի ենք կոչելու: Դա շատ կարեւոր ծրագիր է, քանի որ այն միացնում եւ ընդհանուր մի օղակի մեջ է առնում  Տաթեւ-Գորիս-Ստեփանակերտ-Շուշի-Դադիվանք եւ Դիլիջան-Սեւան–Գյումրի-Երեւան զբոսաշրջային ուղղությունները: Այն Արցախի կյանքում կարեւոր նշանակություն կունենա, որի շնորհիվ զբոսաշրջիկների մեծ հոսք կարձանագրվի: Վերջիններս, այցելելով Արցախ, հաճույք կստանան Արցախի եւ՛ հիասքանչ բնությունից, եւ՛ համեղ հյուրասիրությունից, եւ՛ ժամանցի հետաքրքիր տեսակներից: 

Վստահ եմ՝ վերը նշված բոլոր ռազմավարական ծրագրերն իրականություն կդառնան Արցախում Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահ  ընտրվելու դեպքում,   քանի որ նա դրա համար ունի բոլոր նախադրյալները՝ եւ՛ գիտելիքներ,   եւ՛ փորձ, եւ՛ քաղաքական կամք:

Այսօր՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, արցախցիները պետք է ընտրություն կատարեն, իրենք պետք է որոշեն,  թե ում են վստահում  Արցախի ապագան: Արցախցիները միշտ ցույց են տվել, որ  շատ խորը մարդիկ են, եւ կարծում եմ, որ դարերից  եկող  ժողովրդական  իմաստությունը նրանց իրենց կհուշի ճիշտ որոշում կայացնել: Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք ընտրեն  Արայիկ Հարությունյանին՝ որպես  նախագահ, քանի որ նա շատ փորձառու է եւ, իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին:  Եթե  Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը,  այն է՝ Արցախի զարգացմանը,  եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա եւ կամրանա»,- նշել է Ռ. Վարդանյանը։

Կարդացեք նաեվ

Նիկոլ Փաշինյանը լավ լուր հայտնեց

Irina Abovyan

ՌԴ-ն Արցախի հարցով քննարկումների մեջ է Թուրքիայի հետ

Irina Abovyan

Պատասխանեմ «խոպանչի պրոպագանդիստ» Արամ Գաբրելյանովի գրառմանը, էն մասին, որ ես «թրքանման» եմ։ Թրքանման հայերն այն «հայերն» են, ովքեր… Ռոման Բաղդասարյանի ԿՈՇՏ պատասխանը

Irina Abovyan

Դժվար էր, բայց մինչ գործընկերներս միտինգ էին անում, ես փռում հաց էի թխում, հիմա էլ մտածում եմ՝ վարորդություն անեմ. (VIDEO)

Irina Abovyan

Գիշերը Ալիս Սողոմոնյանի հզոր գրառումը պայթեցրեց մամուլը. Ողջ իրականությունը մեկ գրառման մեջ

Irina Abovyan

Նիկոլին թույլ չեն տալիս հրաժարական տալ ընդամենը երկու հոգի. Շարմազանով

Irina Abovyan