Շոու-բիզնես

«Երբեմն, հայտնիությունը խանգարում է, բայց դժգոհ չեմ». Արթուր Գրիգորիչը` 62-ամյակը կոտրած ոտքով դիմավորելու և իր հոգեբանական տարիքի մասին

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանն օրերս նշել է 62-ամյակը: Ծննդյան օրը հոբելյարի հետ խոսել Tert.am Life–ին չհաջողվեց, քանի որ նա այդ օրը հեռախոսը մի կողմ է դնում, ոչ մի զանգի չի պատասխանում: Ասում է` հանրային մարդ է, բայց բեմից դուրս հանրության ուշադրության կենտրոնում լինել չի սիրում:

«Այդ ուշադրության մեջ ինձ լավ չեմ զգում, սովոր չեմ ու չեմ կարևորում նման բաները: Անձնագրով Արտաշես Գրիգորյան եմ ու, երբեմն, Արթուր Գրիգորյանն Արտաշեսին խանգարում է, բայց դժգոհ չեմ, որ կա: Խանգարում է ասելով՝ նկատի ունեմ այն դեպքերը, երբ փողոցում տեսնում են, օրինակ, թոռնիկիս հետ ու մատով ցույց տալիս: Ես սիրում եմ հանրային մարդ լինել բեմում, բայց ոչ առօրյա կյանքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտորը:

Պարզվում է` հուլիսի 23-ին Արթուր Գրիգորիչը կոտրել է ոտքը, ուստի` այս տարի ծննդյան օրը կոտրված ոտքով է դիմավորել:

«Շաքարային դիաբետ ունեմ ու շաքարի քանակի տատանումից կարող եմ ինձ վատ զգալ: Ամառանոցում էի, վատ զգացի, արդյունքում կոտրեցի ոտքս: Դեռ չեմ կարողանում քայլել, բայց գոնե նստել կարողանում եմ: Ընկնելու պահին չզգացի, որ կոտրել եմ ոտքս, երեկոյան ցավ զգացի, այցելեցի բժշկի ու պարզվեց այն, ինչ պարզվեց: Չեմ նեղսրտում, սա ֆիզիկական ցավ է, որը կանցնի,- ասաց նա և հավելեց, որ ծննդյան օրն իր համար չի տարբերվում տարվա մյուս բոլոր օրերից: -Ես խնջույքներ չեմ սիրում և չեմ գնում, սիրում եմ ծննդյանս օրն անցկացնել ընտանիքիս հետ: Այս տարի էլ անցկացրի տանը, թոռնիկներով, ընտանիքով շրջապատված: Հասարակ մարդ եմ ու, ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար ընտանիքս է շատ կարևոր: Մանեի դուստրը` Կայան, երգում է «Արցախ» ստեղծագործությունը. ինձ դրանից առավել ոչինչ պետք չէ, երջանիկ մարդ եմ»:

Արթուր Գրիգորիչի խոսքով` 61-ն իրենից ոչինչ չի խլել, քանի որ շատ ուժեղ մարդ է. «Ստացվել է այնպես, որ ես ուժեղ ծնվել եմ, ոչ թե դարձել տարիների ընթացքում: Թուլություններ լինում են, բայց դրանք պետք է մենակ տանես, որևէ մեկին պետք է չմեղադրես: Իմ ամենամեծ ուժն այն է, որ երբեք չեմ դժգոհում, միայն թե այն տարիքում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ ինչ-որ բան չուզել, օրինակ` չայցելել մի տեղ, ուր չեմ ուզում գնալ, որտեղ ինձ հետաքրքիր չէ, բայց պետք է: Չպետք է մեղադրել դիմացինին, քո ներսից է, որ նա քեզ հետաքրքիր չէ: Մեղավորին պետք է միշտ քո ներսում փնտրես ու կգտնես»:

Հարցին, թե հոգեպես քանի՞ տարեկան է իրեն զգում, Արթուր Գրիգորիչը պատասխանեց. «Այնքան, որքան օրն է ցույց տալիս: Օրեր կան, երբ ինձ 25 տարեկան եմ զգում, օրեր էլ կան՝ այնքան, որքան ֆիզիկական տարիքս է: Բայց տարիքիս մասին չեմ մտածում, դա իմ կյանքն է, իմ ապրած տարիներն իմ հպարտությունն են: Կինս հաճախ է ասում, որ հետաքրքիր մարդ եմ: Ես կարող եմ զրուցել հյուրանոցի մաքրուհու հետ, լսել նրա խնդիրների մասին ու այդ զրույցից բավականություն ստանալ»:

Գրիգորիչն ինքն իրեն այս տարի առողջություն մաղթեց. «Մարդ եմ, ում հետ Հայաստանի պատմությունն է քայլել, ես էլ` պատմության հետ: Ուզում եմ, որ սահմանին կանգնած մեր երեխաները տուն գան ողջ և առողջ, արվեստը մաքրվի, մեր ազգն ավելի բարիանա»:

Կարդացեք նաեվ

«Այս տարվա ամառը լավ առիթ է Հայաստանը ուսումնասիրելու համար». Զարուհի Բաբայան

Irina Abovyan

Միայն տեսնեք, թե ով է Մերի Մակարյանի տեգրը

Irina Abovyan

Քիմ Քարդաշյանի ամբողջովին մերկ ֆոտոսեսիան․տեսանյութ

Irina Abovyan

«Հիանում է մեր բակի գարունով». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր լուսանկարը

Irina Abovyan

Անի Լուպեն անցել է աֆրիկուհիների շարքերը

Irina Abovyan

Ամառ, բնություն ու մայրության բերկրանք. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

Irina Abovyan