Հասարակություն

Զինվորից անընդհատ գումար են վերցրել, հետո 2 կրակոցով սպանել․ ծնողները մանրամասներ են հայտնում

Երեկ Արենի գյուղում հողին հանձնեցին ժամկետային զինծառայող, 19-ամյա Ալիկ Մանուկյանի դին: Նա մահացել է հրազենային վիրավորումից, հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Իջևանի N զորամասում:

Մահացել է հիվնդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ալիկ Մանուկյանը իր ծնողների միակ որդին էր: Զորակոչված էր Վայոց ձորի զինկոմիսարիատից: Մեկ տարուց ավելի է, ծառայության մեջ էր: Կես տարուց պետք է զորացրվեր:
Ալիկ Մանուկյանի հարազատներից հաջողվեց կապվել հորեղբոր որդու՝ Վազգենի հետ: Նա Forrights.am-ին հայտնեց, որ եղբայրը վիրավորում էր ստացել ծնոտի տակի հատվածից:

«Մայրը դեպքից կես ժամ առաջ խոսել է իր հետ: Թե ինչ եղավ հետո, ոչ մի բան պարզ չի, քննություն է գնում», — ասաց հանգուցյալի եղբայրը:

Նա պատմեց, որ Ալիկի մահվան մասին հարազատներն իմացել են իրենց բարեկամից: «Մեր բարեկամը զանգեց, ասեց, ոնց որ Ալիկի հետ դեպք ա եղել:Հետո զորամաս ես զանգեցի, ասեցին՝ դեպք է եղել, բայց ոնց որ ինքնասպանություն է»: Այսինքն՝ զորամասում որդեն որոշել էին, որ ինքնասպանությո՞ւն է: «Չգիտեմ, չեմ կարող ասել», — ասաց Վազգեն Մանուկյանը: Ալիկ Մանուկյանի մոր՝ Լիլիթ Սարգսյանի հետ կապ հաստատեցինք մեծ դժվարությամբ: Պարզվում է, քննիչները առգրավել են մահացած զինվորի ծնողների հեռախոսները: «Ասեցին՝ պետք է առգրավեն: Ինձ ասեցին, որ իմ հեռախոսը տարել են Երևան», — հայտնեց Լիլիթը:

Նա որդու հետ խոսել է 13.57 րոպե: Ըստ քննչական կոմիտեի տվյալների, Ալիկ Մանուկյանը հրազենային վիրավորումը ստացել է 14.00, այսինքն՝ մոր հետ զրույցից 3 րոպե անց:
«Շատ շուխուռոտ տեղ էր: Ասեց՝ մամ, խառն եմ, մի քիչ հետո կզանգեմ: Մի քիչ հետո զանգել ենք՝ անհասանելի է: «Չերեզներով» ճշտել ենք, որ տղաս մահացել է, մեզ զորամասից չեն ասել, մենք «չերեզներով» ենք ճշտել: Որ երեխան անհասանելի էր, սկսեցինք զանգել ծանոթներին: Ես առավոտյան էլ էի խոսել հետը: Վատ չէր: Այդ պահին էր անտրամադիր միայն»:

Որդու մահից հետո նա բազմաթիվ հանգամանքներ է վերլուծել ու երդվում է՝ եթե գործը չբացահայտեն, «Եղեգնաձորի վաենկամատով մտնելու է, Իջևանով ու Փաշինյանով դուրս գա, բայց պարզելու է իրողությունը»:«Ես պիտի պարզեմ, ինչ ա եղել: Իմ երեխեն ինքնասպան չէր լինի: Նա մի փոքր արյունից էլ վախենում էր: Նա ծառայության առաջին օրվանից ասում էր՝ մամա, ասա, ինձ ավտոմատ չտան: Ուզում էր այնպիսի ծառայություն, որ ավտոմատ չբռնի: Չէր սիրում զենք, թեև Մոնթե Մելքոնյանի վարժարանն է ավարտել, մեդալներ ունի: Մենք նրան մի քանի ամիս առաջ տեղափոխեցինք «տանկովի չաստ», որ նա ավտոմատ չվերցնի, ինքը տանկի վրա էր»: — պատմում է Լիլիթ Սարգսյանը:

Նա վստահեցնում է, որ տղան երբեք իրեն չէր սպանի, արյունից մեծ վախ ուներ: Մահից հետո Ալիկի մեդալներն անհետացել են: Անհետացել է նաև նրա բջջանին հեռախոսը:
«Փախցրել են, որ շատ բան չպարզվի էդ հեռախոսի միջոցով: Եթե իմ երեխեն իրան սպանել ա, ո՞ւր ա իմ երեխու հեռախոսը: Ինձ զանգեցին, ասեցին՝ Ալիկի հեռախոսը չկա: Ասեղ էր, կորա՞վ: Տարել են տղուս հեռախոսը, որ փակեն գործը: Չեն կարա»:

Նա վստահեցնում է՝ որդու մահվան հանգամանքները առհասարակ մութ են շատ: Մեդալների ու հեռախոսի անհետացումը չի, որ այս մտքին է հանգեցնում զինվորի մորը: Դեպքի առաջին օրը համագյուղացիների քննարկումներն են ականջով ընկել: Լսել է, որ Ալիկը խփվել է երկու կրակոցից: «Հետո ասեցին՝ չէ, մի կրակոց ա: Ես ինքս չեմ տեսել: Երեխու վիզը կոճկած էր: Լավ չէր երևում: Կողքն էի ամբողջ ժամանակ, ուզում էի տեսնել, թե որտեղ ունի վնասվածք: Նկատեցի, որ աչքը լավ ուռած էր»:
«Տղաս շատ փողեր էր ուզում մեզանից, զանգում էր, ասում էր՝ ինձ գումար ա պետք էս ինչ ժամի, էն ինչ ժամի: Հինգ հազար տուր, 7 հազար տուր, մի ամսում 60 հազար ուղարկել էի- հիշում է Լիլիթը, — գումարները արագ ուղարկում էի, վախենում էի, որ մի բան կանեն իրեն ընդեղ: Երևի, էլի են ուզել, ինքն էլ ինձ չի ասել, երևի, էլ փող չի տվել, մի բան արին տղայիս հետ»:

Կարդացեք նաեվ

Այսքան համեղ խաղողի մուրաբա դուք դեռ չեք պատրաստել։

Irina Abovyan

Գագիկ Սուրենյանը՝ անցած գիշերվա ամենացուրտ բնակավայրերի մասին

Irina Abovyan

Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Irina Abovyan

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ամառային սպասարկման ընթացիկ աշխատանքներ

Irina Abovyan

Դեմքի սնուցող դիմակ լոլիկով

Irina Abovyan

Ո՞ր դիմակն է վիրուսներից ամենից լավ պաշտպանում

Irina Abovyan