Միջազգային

Ռուսաստանը ձգտում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, իսկ Ադրբեջանը պատրաստ է սատարելու նրան

«Երևանի ներկայիս բանակցային դիրքերը շարունակում են մնալ թույլ և ծայրահեղ խոցելի առաջին հերթին այն պատճառով, որ մեր բանակցողներն Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար անհրաժեշտ փաստարկները չունեն: Եվ եթե դրանք լուրջ մասնագիտական փոփոխության չենթարկվեն, ապա մշտապես կպահպանվի այն տպավորությունը, որ պաշտոնական Երևանը ինչ-որ բան թաքցնում է կամ չունի ինչ-ինչ հարցերի պատասխանն ու ստիպված է անդադար խուսանավել»:

Նախորդ շաբաթ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հեռակա դիվանագիտական «փոխհրաձգությունից» հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին քննադատել են իր երկրում՝ ասելով, թե ինչո՞ւ «համարժեք պատասխան» չի տվել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Իսկ Մամեդյարովի գլխին առանց այդ էլ վերջին ամիսներին սև ամպեր են կուտակվում. նա իր պաշտոնը պահելու խնդիր ունի: Ադրբեջանի արտաքին քաղաքականության ոլորտումըստ որոշ գնահատականներիգնալով ավելի ազդեցիկ է դառնում Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևըու երկրի նախագահի հնարավոր փոփոխության դեպքում 16 տարի շարունակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մամեդյարովի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ կհայտնվիՈւստի այնպիսի հարցումինչպիսին Լեռնային Ղարաբաղն էնաբնականաբարչի կարող պասիվություն կամ թուլություն դրսևորելիր մրցակիցներն էլ թե՛ իշխանության ներսումթե՛ իշխանությունից դուրս աշխատելու են օգտվել նրա յուրաքանչյուր սայթաքումիցԱյս իմաստով թե՛ Մամեդյարովի հասցեին հնչած քննադատություններըթե՛ իր արձագանքը միանգամայն հասկանալի ենԱյս շաբաթ նա հարցազրույց է տվել ադրբեջանական Minval.az լրատվական կայքին՝ կրկնելով իր հայտնի տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալԻսկ ի՞նչ է կոնկրետ ասել Մամեդյարովը:

Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին հանդես էր եկել խիստ ուշագրավ հայտարարությամբ՝ խոսելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և մշակված տարբեր փաստաթղթերի մասին: Լավրովն ասել էր, թե այդ փաստաթղթերը, մասնավորապես՝ նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կողմերին ներկայացված նախագիծը, ենթադրում է առաջխաղացում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ փուլային մոտեցման հիման վրա, և առաջին փուլում նախատեսվում է «առավել արդիական խնդիրների լուծումը», մասնավորապես նախկին ԼՂԻՄ-ին հարակից մի շարք շրջանների «ազատում», այսինքն՝ հանձնում Ադրբեջանին: Արձագանքելով իր ռուսաստանցի գործընկերոջ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր խոսքում ընդգծել էր, որ այդ մոտեցումները, որոնք ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին, ընդունելի չեն հայկական կողմերի համար: Նախարարի խոսքերով՝ 2014 թվականին քննարկված տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Իսկ ինչ վերաբերում է «տարածքներին», ապա դա ամենից առաջ անվտանգության գոտի է, և անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։

Այս հայտարարություններից ժամեր անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը:

Minval.az-ի հարցազրույցի ընթացքում թղթակիցը հարցրել է Մամեդյարովին, թե եթե Հայաստանը այդքան կտրուկ է պատասխանում և «հրաժարվում է քննարկել զորքերի դուրսբերումը», ապա արժե՞ր արդյոք մասնակցել հեռավար բանակցություններին: Ի պատասխան Մամեդյարովն ասել է, թե ապրիլի 21-ի «հանդիպման» և նախկինում տեղի ունեցած հանդիպումների միակ տարբերությունն այն է, որ այս վերջինը տեղի է ունեցել հեռավար ձևաչափով: Հետո ավելացրել է, թե «զգալով, որ հայտնվել է փակուղիում, Հայաստանը դիմում է սադրանքների, քայլեր է ձեռնարկում բանակցային գործընթացը խափանելու, վիժեցնելու համար»: Ի՞նչ է ուզում սրանով ասել Ադրբեջանի արտգործնախարարը. որ ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այնպես էլ այս վերջին տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման բովանդակային հարցե՞ր, քննարկվել են Լավրովի առաջարկնե՞րը: Այդ դեպքում ինչո՞ւ դրա մասին որևէ խոսք չկա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, Արցախի հարցի վերաբերյալ վերջին օրերին բանակցային գործընթացի մասնակիցների և առաջին հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների, մեկնաբանությունների մասին ընդհանուր ի՞նչ եք մտածում, ի՞նչ եզրակացության եք եկել: Հետաքրքիր է լսել Ձեր վերլուծությունը: Լավրովը խոսեց ոչ միայն մեզ հայտնի մի քանի փաստաթղթերի, նախագծերի մասին՝ Քի Ուեսթ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, այլև հիշատակեց անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում իր կողմից նախաձեռնված հանդիպմանը կողմերին տարածված ինչ-որ նախագծի մասին և ասում էր, թե այս փաստաթղթերը ենթադրում են առաջընթաց հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ փուլային մոտեցման հիման վրա: Սա, Ձեր կարծիքով, ընդհանուր Մինսկի խմբի՞ մոտեցումն է, թե՞ միայն Ռուսաստանի: Որքանո՞վ է Լավրովի նկարագրությունը արտացոլում բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ հատկապես վերջին մի քանի տարիների կտրվածքով:

– Չեմ կարծում, որ պարոն Լավրովի ասածները համաձայնեցված են Մինսկի խմբի մյուս համանախագահողների հետ. դրանցում նա հմտորեն իրար է խառնել թացն ու չորը՝ համանախագահների համատեղ նախաձեռնությունները բացառապես Մոսկվայի կողմից պաշտոնական Բաքվին ու Երևանին արված ինչ-ինչ առաջարկությունների հետ: Միևնույն ժամանակ նաև պետք է հաշվի առնենք այն, որ Մինսկի խմբի համանախագահները, միասին կամ առանձին-առանձին հանդես գալով, ունեն միջնորդի կարգավիճակ և հակամարտության կողմերի փոխարեն չեն կարող որոշումներ կայացնել: Ճիշտ է, առանձին դեպքերում կարող են էական ազդեցություն գործել հակամարտ կողմերի բնակչության հասարակական կարծիքի ու տրամադրությունների վրա:

– Ի՞նչ նախագծի մասին էր խոսում Լավրովը: Արդյո՞ք դա բոլորիս հայտնի «Լավրովի պլանն» է կամ Լավրովի առաջարկները, որի մասին, ի դեպ, Մամեդյարովը նախկինում բազմիցս է խոսել հրապարակայնորեն, այդ թվում՝ Մոսկվայի հանդիպումից հետո: Սա ռուսակա՞ն ծրագիր է, ռուս-ադրբեջանակա՞ն ծրագիր է, թե՞ ինչ է:

– Հիշենք, որ հատկապես 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո հենց ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակների կողմից ասպարեզ նետվեց «տարածքներ ճակատային գծում՝ առավել խաղաղ իրավիճակի դիմաց» կարգավորման կոնցեպտը, որի համաձայն Արցախն իր տարածքի մոտավորապես կեսը պետք է հանձներ հակառակորդին այն պայմանով, որ պաշտոնական Բաքուն կխոստանար այլևս ագրեսիվ գործողություններ չնախաձեռնել հակամարտ ուժերի շփման գծի երկայնքով: Միաժամանակ պետք է ռուս խաղաղապահներ մտցվեին տարածաշրջան և դիրքեր գրավեին հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև, բայց արդեն ըստ այդ բանաձևի կողմերի համար նախանշված նոր դիրքերի միջակայքում: Որքան հասկանում եմ՝ ռուսական կողմն իսկապես ձգտում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և առայժմ այս հարցում չի փոխել իր մոտեցումն, իսկ ադրբեջանական կողմն էլ պատրաստ է սատարելու դրա իրականացմանը: Ստիպված եմ հերթական անգամ կրկնելու, որ պաշտոնական Երևանի ներկայիս բանակցային դիրքերը շարունակում են մնալ թույլ և ծայրահեղ խոցելի առաջին հերթին այն պատճառով, որ մեր բանակցողներն Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար անհրաժեշտ փաստարկները չունեն: Ավելին, դատելով ամեն ինչից՝ դեռևս ակնհայտորեն հրաժարվում են այդ ուղղությամբ անհրաժեշտ տնային աշխատանքը կատարել: Ընդ որում, դա  ոչ միայն գործող իշխանությունների, այլև վերջիններիս նախորդների կողմից որդեգրած մոտեցում է: ՀՀ ԱԳ նախարար պարոն Մնացականյանն ու այլոք խոսում են այն մասին, որ իրենց համար առաջնահերթություն են Արցախի կարգավիճակի ու բնակչության անվտանգության խնդիրները, մինչդեռ Արցախի տարածքային ամբողջականության պահպանման հարցը անտեսված է լիովին: Ուստի ցանկացած ոք այս իրավիճակում հանգիստ կարող է խոսել այն մասին, որ խնդիրը պետք է դիտարկվի նախևառաջ Ադրբեջանի կարծեցյալ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում, ինչը հարցի փուլային լուծում է պահանջում վերը նկարագրված սցենարով:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել այդ փուլային մոտեցման մասին: Ինչո՞վ է այն տարբերվում, օրինակ, 97-ի վիճահարույց փուլային տարբերակից, որը հանգեցրեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

– Եթե չեմ սխալվում՝ այն ժամանակ Արցախի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով, տարածքներն էլ պետք ամբողջությամբ տրվեին Ադրբեջանին, բացառությամբ շատ որոշակի լայնություն ու հատուկ կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի:

– Գուցե հարցի մեջ որոշ միամտություն կա, բայց արդյո՞ք տեղին էր ներկա իրավիճակում, երբ բոլորը զբաղված են այլ խնդիրներով, անվտանգության մի նոր սպառնալիքի դիմագրավելով, Ռուսաստանի արտգործնախարարը որոշեց բացել փակագծեր, խոսել բավական վիճելի մի նախագծի մասին, հրահրել բանավեճ բարձր մակարդակով: Գուցե նպատակը ներհայաստանյան ինչ-որ հարցերի հե՞տ է կապված: Ասենք, նպատակը գազի, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելուն զուգահեռ առաջացնել ներքին դժգոհություն Փաշինյանի վարչակազմի դեմ՝ ցույց տալով, թե իբր Երևանը բանակցում է հողային զիջումներ առաջարկող փուլային ծրագրի շո՞ւրջ: Գուցե սա՞ էր հաշվարկը:

– Կարելի է, իհարկե, տարբեր վարկածներ առաջ քաշել, բայց ես կարծում եմ, որ ներկայումս Ռուսաստանը Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելու խնդիր է լուծում և միանգամայն հասկանալի է, որ դրա համար լավագույն ուղին հայության և Հայաստանի շահերի առերևույթ ոտնահարումն է և ադրբեջանական շահերի ցուցադրական պաշտպանությունը: Ճիշտ կլինի նաև, որ մենք, քննարկելով մեր ռուս դաշնակիցների պահվածքը, ելնենք այն իրողությունից, որ մեր տարածաշրջանում ևս պաշտոնական Մոսկվան ստիպված է գործել՝ հաշվի առնելով ոչ միայն Հարավային Կովկասի պետությունների շահերն ու ակնկալիքները, այլև ելնելով այն միջնաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերների վերլուծությունից, որը, վստահաբար, ցույց է տալիս, որ ռուսական շահերին այստեղ մոտ ապագայում լուրջ վտանգներ են սպառնալու: Ադրբեջանում այսօր իշխում է Ալիևների ընտանիքը, որը, հանձինս Հեյդար Ալիևի, իշխանության եկավ Ադրբեջանում Մոսկվայի աջակցությամբ: Ընդ որում նաև Հայաստանն այն ժամանակ անուղղակիորեն աջակցեց այդ գործընթացին: Ալիևների անկումն Ադրբեջանում կազդարարի նաև այդ երկրում ռուսական ազդեցության ավարտը, ինչ լրջագույն հետևանքները կարող է ունենալ մեր հյուսիսային հարևանի համար: Կնախընտրեմ այս հարցի պարզաբանումն այսքանով սահմանափակել, բայց խնդրի առկայության վրա հրավիրել մեր պատասխանատուների ուշադրությունը: Մնացյալ հարցերը սրա կողքին, հավանաբար, երկրորդական նշանակություն ունեն:

– Ինչպե՞ս եք Դուք ընկալել պաշտոնական Երևանի և առաջին հերթին ՀՀ ԱԳ նախարարի արձագանքը և մեկնաբանությունները: Արտգործնախարար Մնացականյանը ասում է, թե նման մոտեցումներ «ի հայտ են եկել» 2014-ին, 2016-ին և դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար, իսկ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ: Եվ հատուկ ընդգծել է, որ 2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասում է, թե նույն օրը՝ ապրիլի 21-ին, համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի և նախորդ հանդիպումների միակ տարբերությունը այն է, որ սա կազմակերպվել է հեռավար ձևաչափով: Ի վերջո, ո՞ւմ պիտի հավատանք, ո՞վ է ստում, ո՞ւմ եք Դուք հավատում: Եթե այս քննարկումների ժամանակ իրոք բովանդակային հարցեր են քննարկվում, հիմնախնդրի կարգավորման նախագծեր են քննարկվում, ապա ինչո՞ւ դա արտացոլված չէ համատեղ հայտարարության մեջ:

– Ինձ համար սա ոչ թե կողմերից, մասնակիցներից որևէ մեկին հավատալ-չհավատալու, այլ նրանց բանակցային մոտեցումների առավելությունների կամ թերությունների հարց է: Ինչպես արդեն վերևում նշեցի՝ մեր բանակցային դիրքերը թույլ են ու խոցելի և եթե դրանք լուրջ մասնագիտական փոփոխության չենթարկվեն, ապա մշտապես կպահպանվի այն տպավորությունը, որ պաշտոնական Երևանը ինչ-որ բան թաքցնում է կամ չունի ինչ-ինչ հարցերի պատասխանն ու ստիպված է անդադար խուսանավել:

– Լավրովի հայտարարությունը կապ ունե՞ր նույն օրը կայանալիք տեսակոնֆերանսի հետ: Այլ խոսքերով՝ փորձառու դիվանագետը Մինսկի խմբի ձևաչափով կայանալիք տեսակոնֆերանսից ժամեր առաջ խոսում է բանակցային գործընթացի մասին և ի թիվս այլ փաստաթղթերի՝ հիշատակում է մի նախագիծ, որն, իր խոսքերով, տարածվել է 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Մի հանդիպման, որն, ըստ էության, ինքն էր նախաձեռնել՝ դրանից մի քանի օր առաջ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև պաշտոնական գագաթաժողովից անմիջապես հետո: Սա պատահականությո՞ւն է: Եթե կապ կա, ապա ո՞րն էր հաշվարկը: Լավրովը փորձում է Մինսկին զուգահեռ ակտիվացնել Մոսկվա-Բաքու-Երևան ձևաչա՞փը: Որքանո՞վ նա հաջողեց իր հաշվարկներում:

– Այս կարգի պատահականությունները խիստ անհավանական են՝ ռուսական կողմը հատուկ է ընտրել իր վերոհիշյալ մոտեցումները բարձրաձայնելու պահն՝ իր առջև կանգնած խնդրի լուծման համատեքստում տեղեկատվական մակարդակում առավելագույն արդյունքն ու արձագանքներն ապահովելու նպատակով:

– Եվ վերջին հարցը: Հաշվի առնելով այս ամենը՝ պե՞տք է արդյոք սպասենք դիվանագիտական կամ ռազմական սրացումներ Արցախի շուրջ, նախաձեռնություն, ակտիվություն հատկապես Մոսկվայի կողմից, սադրանքներ Ադրբեջանի կողմից: Ի՞նչ զարգացումներ եք Դուք կանխատեսում մոտակա ժամանակների համար:

– Այդ հավանական սրացումները չի կարելի բացառել, թեև չեմ կարծում, որ այժմ հակառակորդը կհանդգնի լայնածավալ հարձակման անցնել: Հավանաբար կկիրառվեն հեռահար գործողության միջոցներ՝ գերազանցապես անօդաչու թռչող սարքեր, ինչին մենք պետք է պատրաստ լինենք: Պաշտոնական Բաքուն կարող է լայնածավալ ռազմական գործողությունների դիմել միայն այն դեպքում, եթե ունենա տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող գերտերություններից որևէ մեկի ռազմաքաղաքական աջակցությունը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ստամբուլի ափերին դելֆիններ են լողում՝ օգտվելով կարանտինից

Irina Abovyan

Ալիեւն ու Էրդողանը քննարկել են զորավարժությունները

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 400 հազարը

Irina Abovyan

Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին. դա է երաշխիքը

Irina Abovyan

Վլադիմիր Սոլովյովի ադրբեջանցի հյուրը բացառիկ խոստովանություն է անում իրենց կողմից դիրքը կորցնելու ու դրա հանգամանքների մասին

Irina Abovyan

ԲԱՔՈՒՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է․․․ Ադրբեջանը նոր աղետի առաջ

Irina Abovyan