Քաղաքականություն

Տարածաշրջանում լարվածության նվազեցման հարցում Իրանի դերակատարումն ակնհայտ է. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ «ԻՌՆԱ»-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հարցազրույց է տվել «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը, որն ամբողջությամբ հրապարակված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում  Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան։

Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա:

Թեև նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները այդ դարաշրջանի համար։

Ի՞նչ տեսակետ ունեք տարածաշրջանում կայունության պահպանման գործում  Իրանի դերի մասին։

Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակ է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը:  Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի:

Իրանի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ  հենված է տարածաշրջանի գեոպոլիտիկ և աշխարհագրական կարևորության, այլ ոչ տարածաշրջնի էթնիկական և կրոնական հարցերի վրա։ Հայաստանը ինչպե՞ս է գնահատում Իրանի այս մոտեցումը։

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

Հնագույն քաղաքակրթությունների կրողներին՝ ինչպիսին են Հայաստանը և Իրանը, բնորոշ է կրոնական և ազգային հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը, ինչպես նաև ապագայի հանդեպ փոխադարձ պատասխանատվությունը:

Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումը  «3+3» նախաձեռնության մասին։

Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.

Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական: Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:

Հայաստանը ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերը վերջին զարգացումների խնդրում:

Հայաստանին և Ռուսաստանին  կապում են դաշնակցային փոխհարաբերությունները՝ փոխաջակցության և փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակներով:

Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ 44 օր տևած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուսաստանի միջնորդությամբ է ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Ի դեպ, խոսելով ենթակառուցվածքների մասին՝ պետք է փաստել, որ ո՛չ որևէ փաստաթղթում, ո՛չ ենթակառուցվածքների բացման համատեքստում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին, և սա հստակ արձանագրվում է ոչ միայն հայկական, այլև միջնորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից։

Միևնույն ժամանակ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Երկիրը նենց վիճակի են հասցրել, որ մարդ չի կարում հյուր ընդունի տան մեջ, իսկ Նիկոլն իրա ընտանիքով թանկ ծախսերա անում ու բյուջեի փողերը վայելում

Irina Abovyan

Փաշինյանը Սահմանադրության օրը նշել է «մարալների» հետ (տեսանյութ)

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԿՄ-ն արտահերթ համագումար է արել. ովքեր են վարչության նոր անդամները

Irina Abovyan

Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Еще чего». Սերգեյ Լավրովը նկատողություն արեց լրագրողին

Irina Abovyan

Գիշերը Վանեցյանին խայտառակ արեցին Տեսանյութ

Irina Abovyan