Հասարակություն

Հեղափոխության օրերին դրոշներ բաժանող կինը համազգեստ ու դիմակ է կարում

Տիկին Մարգարիտային շատերը կհիշեն, նա 2018 թ թավշյա  հեղափոխության օրերին դրոշներ էր կարում եւ բաժանում։

Հեղափոխությունից հետո սկսեց էկոպայուսակների արտադրություն, ուզում էր այն ընդլայնել։ Բայց կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակը փոխեց ծրագրերը։ Հիմա իրավիճակից ելնելով դադարեցրել է պայուսակների արտադրությունը և բժշկական դիմակներ ու հանդերձանք է կարում։

«Ա1+»-ի հետ զրույցում Մարգարիտա Ստեփանյանը պատմել է բիզնեսով զբաղվելու, ու այս օրերին դժվարություններին դիմակայելու մասին։

 2019թ․-ի ամռանից  բացել է ԱՁ (անհատ ձեռներեց), արդեն 2020թ․-ի մարտից չորս աշխատող ունի։ Տիկին Մարգարիտան առևտրի կենտրոններից մեկում տարածք է վարձակալել, բայց փոքրիկ թիմի բուռն սկսած աշխատանքները ընդամենը 15 օր են տևել։   Մեծ ծրագրեր ուներ, օինակ՝ Երևանում մայիսին անցկացվող գինու օրերի համար մեծ պատվեր էր ստացել, բայց աշխատանքները կիսատ մնացին ։

 Այժմ գործիքները տեղափոխել են տուն, ամեն մեկն իր տնից է աշխատում։  Ասում է՝ գերադասեց մարդկանց աշխատանքով ապահովել, թե հետո ինչ կլինի՝ չի շտապում մտածել։

Ֆեյսբուքյան ընկերները  հարցուփորձ են արել՝ դիմակներ ունի՞, կարո՞ղ է կարել, ի՞նչ է հարկավոր դրանք կարելու համար։ Սկզբում ինքը մտադրություն չուներ դիմակներ կարելու, մտածում էր՝  այս ամենը  շուտ կանցնի, սակայն դեղատուն այցելելուց հետո մտափոխվել է։

«Երկու հատ դիմակ ուզեցի, որպեսզի բալիկիս հետ պոլիկլինիկա գնամ, ասացին՝ դիմակ չունենք։ Ասացի, իսկ եթե  կարենք, դուք կընդունե՞ք, ասացին՝ տնօրինությունից ճշտեք։ Զանգեցի տնօրինություն, առաջարկեցի, իրենք էլ ասացին՝ գիտե՞ք, մենք պահեստներում ինչքան դիմակ ունենք, մենք չենք մնացել տանը կարված դիմակների հույսին։ Ասացի՝ լավ, այդ դեպքում հենց հիմա Ձեր դեղատանը ինչո՞ւ դիմակ չկա, ես ուզում եմ գնել՝ չկա, ասացին՝ չգիտենք»,-պատմեց տիկին Մարգարիտան։

Հենց այս պատասխանից հետո,  փոքրիկ թիմը սկսեց դիմակ կարել։ Մինչև հիմա մեծ վաճառք չեն ունեցել։ Պատվերներ են ընդունում, այս պահին ամենամեծ պատվերը եղել է 500 դիմակը։

«Երբ որ մենք սկսեցինք կարել՝ կտորի ու այլ նյութերի պակաս կար, խանութները փակ էին։ Բարեբախտաբար, մի խանութ կար, որի տերերին ճանաչում էինք, խնդրեցինք, որ նյութերը տրամադրեն, պատվերը ավարտին հասցնենք։ Իհարկե, շատ քիչ քանակությամբ ենք ձեռք բերել, բայց հիմա դրանով ենք աշխատում»,- ասաց Մարգարիտա Ստեփանյանը։

Այսօրվանից էլ սկսել են բժշկական հանդերձանք կարել։ Բուժհաստատություններում աշխատող ընկերներից լսել է, որ համազգեստների պակաս կա։ Ջրակայուն և մեկանգամյա կրելու համազգեստ են կարել ու նմուշներն ուղարկել տարբեր կազմակերպությունների, ֆեյսբուքյան էջերում տարածել, որ մարդիկ տեղյակ լինեն՝ իրենք կարող են կարել նման հանդերձանք։

 Տիկին Մարգարիտայի առաջին կրած վնասը տարածքի վարձակալության վճարն է։ Նախապես վճարել էր մոտ 100 000 դրամ, բայց փաստացի 15 օրը չի օգտվել այդ տարածքից։ Թե՞ այդ օրերի վճարը կվերադարձնեն, տիկին Մարգարիտան տեղյակ չէ։ Ասաց՝ իրավիճակը կարգավորվելուց հետո այնտեղ հետ չի գնա, որովհետև պայմանները այդքան էլ լավը չէին։

«Այս դեպքը նպաստեց նրան, որ դա հաշվի առնենք։ Ես մտածում էի, որ մի սրահում կնստեմ իմ աշխատանքները կանեմ, բայց պահանջները մեծացան, աշխատակիցների թիվը ավելացրեցինք, հասկացանք, որ մեզ արտադրամասի տարածք է պետք»,- ասաց նա։

Թեև մարտ ամսի կեսն են աշխատել, բայց տիկին Մարգարիտան կարողացել է աշխատողներին հասանելիք աշխատավարձը տալ։

Կառավարության ներկայացրած աջակցության ծրագրերից ոչ մեկին չի համապատասխանում տիկին Մարգարիտայի բիզնեսը։ Բայց նշում է՝ Կառավարությունը պիտի նաև սկսնակների մասին մտածի։

«Նոր ենք սկսել, բայց մնացածի պես տուժել ենք՝ տարածքի վարձ ենք տվել, պատվերների կասեցում է եղել, համագործակցությունները կյանքի չկոչվեցին»,- նկատեց նա։

Տիկին Մարգարիտան իր գործունեությունը ծավալել է «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շնորհիվ։

Վճռական է տրամադրված՝ շարունակելու է աշխատել ու անգամ մեծ պատվերներ ընդունել։ Պատրաստվում են նաև ուսուցանել։ Մինչ այս էլ աշակերտներ ունեին, սակայն հիմա դադարեցրել են դասերը։

Կին գործարարը վերջում հավելեց նաև, որ հեղափոխության օրերից մնացած եռագույն կտորներ ունի, որոնք հարմար են դիմակ կարելու համար, բայց քանի որ դրանք դրոշի գույներով են, տիկին Մարգարիտան դրանք չի օգտագործի։

Կարդացեք նաեվ

4-ամյա երեխայի մայրը բարձրաձայնում է՝ երեխան «Մեգամոլ»-ում մետաղյա ձողով վնասել է աչքը

Irina Abovyan

ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն

Irina Abovyan

ՊԲ-ն հրապարակել է ևս 81 զոհի անուն, հայկական կողմի զոհերի թիվը 1302 է

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը, երկաթե ճաղավանդակին ու արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է

Irina Abovyan

«Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է». Գագիկ Սուրենյան

Irina Abovyan